Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի ավագանին հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև գտնվող մայթն «Ուկրաինայի հերոսների պուրակ» անվանելու որոշումը:
Բացի այդ, Ռուսաստանի դեսպանատան մոտ գտնվող ևս մեկ անանուն տարածք կստանա Բորիս Նեմցովի անունը:
Սոֆիայի ավագանին, համերաշխություն հայտնելով ռուսների ագրեսիայից պաշտպանվող ուկրաինացիներին, քվեների մեծամասնությամբ թույլատրել է քաղաքապետարանի շենքի վրա Բուլղարիայի ազգային դրոշի կողքին բարձրացնել նաև Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը:
Այս շաբաթվա ընթացքում Սոֆիա է այցելել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան, որին ընդունել են Բուլղարիայի արտգործնախարար Տեոդորա Գենչովսկան և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Չնայած Ռուսաստանի հետ պատմական սերտ կապերին, Բուլղարիան դատապարտել է ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա:
Մեկ ամիս առաջ Բուլղարիայում անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն, բուլղարացիների 61 տոկոսը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, 16 տոկոսն այն արդարացրել է, 23 տոկոսը խոստովանել է, որ չի կողմնորոշվել այդ հարցում:
Միաժամանակ, բուլղարացիների երկու երրորդը նշել է, որ կողմ է Բուլղարիայում ուկրաինացի փախստականներին ապաստան տրամադրելու գաղափարին: