Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևի արվարձանին
Ռուսաստանում աննախադեպ ցասում և վրդովմունք է առաջացրել «Մոսկվա» հածանավի կորուստը: Ռուսական կողմը դեռևս ուղիղ չի նշում, որ հրթիռակիրը խոցել են ուկրաինացիները և շարունակում է ասել, որ նավը վնասվել է պայթյունի և հրդեհի հետևանքով:
Այն փորձել են քարշակով հասցնել Սևաստոպոլի նավահանգիստ, սակայն, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, կայունությունը կորցրած «Մոսկվան» փոթորկի պայմաններում խորտակվել է:
Դեռ երեկ Մոսկվան նշել է, որ ի պատասխան ուկրաինական բանակի գործողությունների՝ ռուսները կսկսեն հարվածներ հասցնել նաև Կիևին և մյուս քաղաքներին, որտեղ կարող են լինել ռազմական թիրախներ: Եվ ահա այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է նոր գրոհների մասին:
«Այսօր գիշերը «Կալիբր» տեսակի ծովային տեղակայման բարձր ճշգրտության հեռահար հրթիռներով հարված է հասցվել Կիևի արվարձանին: Ոչնչացվել են Ժուլյանսկի «Վիզար» մեքենաշինական գործարանի երկար և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի և հականավային հրթիռների արտադրության և վերանորոգման արտադրամասերը»,- ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով, Կիևին հասցվելիք հարվածների քանակը և ծավալը հետզհետե կավելանա «ի պատասխան Ռուսաստանի տարածքում ուկրաինական ազգայնական ռեժիմի ահաբեկչությունների և դիվերսիաների»:
Այսօր առավոտյան հուժկու պայթյուններ են որոտացել ոչ միայն Կիևում, այլև Խերսոնում, Խարկովում և Իվանո-Ֆրանկովսկում:
«Ռուսները վրեժ են լուծում իրենց կորուստների համար»
Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայրենակիցներին հասցեագրված ուղերձում ողջունել է պայքարը շարունակելու ժողովրդի վճռականությունն, ասելով, որ փետրվարի 24-ին ենթարկվելով Ռուսաստանի ագրեսիային, մարդիկ կատարել են իրենց կյանքում ամենակարևոր վճիռը՝ որոշեն են կռվել:
«Ռուսները ենթադրում էին, թե մենք առավելագույնը 5 օր կդիմանանք, իսկ այսօր արդեն 50-րդ օրն է»,- ապրիլի 14-ին ուշ երեկոյան ասել է Զելենսկին: Նրա հավաստիացմամբ, ռուսական կողմը տանուլ կտա պատերազմը:
«Ուկրաինայի դեմ այս պատերազմը կարող է ավարտվել միայն Ռուսաստանի ռազմավարական պարտությամբ, վաղ թե ուշ դա է լինելու: Կա՛մ Ռուսաստանի ղեկավարները կսկսեն իսկապես որոնել խաղաղության ուղիներ, կա՛մ Ռուսաստանը վերջնականապես դուրս կմղվի միջազգային ասպարեզից»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի ղեկավարի խոսքով, ռուսական ուժերն ակտիվությունն ավելացնում են արևելյան և հարավային ուղղություններում և փորձում են վրեժ լուծել իրենց կորուստների համար:
«Տեխնիկայի նոր շարասյուներ են ուղարկվում, նրանք փորձում են զորակոչել մեր երկրի հարավում ժամանակավոր օկուպացված շրջանի բնակիչներին ի հավելումն Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում այսպես կոչված «զորակոչով» հավաքագրվածներին»,- ասել է Զելենսկին:
«Սիրտս կտոր-կտոր է լինում, հածանավը Սևաստոպոլի մասն էր»
«Մոսկվա» հածանավի կորուստը ռուսների համար տհաճ է ոչ միայն հզոր ռազմանավից զրկվելու, այլև բարոյական-խորհրդանշական սուր ցավ ստանալու առումով:
Ի վերջո, այդ նավի մասին անթաքույց հպարտությամբ են հաղորդել բոլոր իշխանամետ լրատվամիջոցները, նավը մասնակցել է Սիրիայի օպերացիային, ժամանակին հածավանավի պատվավոր հյուրն էր անձամբ գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը:
Սևաստոպոլում արդեն առաջարկել են հավերժացնել Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավի հիշատակը:
«Սիրտս կտոր-կտոր է լինում, հածանավը Սևաստոպոլի մասն էր»,- ասել է սենատոր և պատմաբան Եկատերինա Ալտաբաևան:
Կարճաժամկետ կտրվածքով հածանավի կորուստը կազդի ռազմարշավի վրա
Ամերիկացիներն էլ են գնահատել ռուսական նավի կործանման հանգամանքը: Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի փոխանցմամբ, դժվար է հստակ ասել, եթե ինչ ազդեցություն կգործի նավի կորուստն ամբողջ ռազմարշավի վրա, դրա համար լրացուցիչ տվյալներ են պետք:
«Բայց կարճաժամկետ կտրվածքով վստահ կլինի ազդեցություն»,- ասել է Պենտագոնի խոսնակը:
Ռուսները «Մոսկվայի» կործանման մասին հաղորդագրություններում զոհերի և տուժածների մասին ոչինչ չեն նշել, միայն հավաստիացրել են, թե անձնակազմը տարհանվել է:
Մինչդեռ, ըստ Քիրբիի, նույնիսկ եթե ոչ թե ուկրաինական հրթիռի հասցրածն, այլ զինամթերքի հրդեհման և դրա առաջացրած պայթյունն է նավի կործանման պատճառը, միևնույն է նման արտակարգ պայմաններում մարդկային կորուստները, սովորաբար, անխուսափելի են: