Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ցուցադրել է Մարիուպոլում գերեվարված ուկրաինացի զինվորականներին


Պաշտոնական Մոսկվան երեկ երեկոյան վերջապես հրապարակեց Մարիուպոլում ուկրաինացի զինվորականների գերեվարման առաջին փաստական ապացույցները։

Երկրի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված տեսանյութում հստակ երևում են սպիտակ դրոշ պարզած ուկրաինական համազգեստ կրող զինվորականների խմբերը, որոնք դուրս են գալիս ռուսական բանակի դիրքերին ընդառաջ։ Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ հայտարարել էր, որ ապրիլի 11-ին Մարիուպոլի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկում դիրքավորված ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1000-ից ավելի զինծառայողներն անձնատուր են եղել։

Պաշտոնական Կիևը սկզբում չէր հաստատում ռուսական կողմի այս պնդումները, իսկ Ուկրաինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը նույնիսկ հայտարարում էր, թե ծովային հետևակայինները ոչ թե հանձնվել են, այլ ընդհակառակը՝ ճեղքել են ռուսների շրջապատումը՝ միանալով «Ազովստալ» գործարանի տարածքում դիրքավորված մեկ այլ ուկրաինական ստորաբաժանման՝ «Ազով» գնդի մարտիկներին։

Արեստովիչի այս հայտարարությունից մի քանի ժամ անց ծայրահեղ ազգայնական մի շարք կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված «Ազով» գնդի պաշտոնական ալիքում հրապարակվեց ստորաբաժանման հրամանատարի և 36-րդ բրիգադի սպաներից մեկի համատեղ ուղերձը, որից պարզ դարձավ՝ ծովային հետևակայինների մի մասը իրոք կարողացել է միանալ «Ազով» գնդին, մի մասն էլ գերեվարվել է։

«Երեկ մեզ միացան ծովային հետևակի գումարտակի մարտիկները, որոնք հավատարիմ են մնացել զինվորական երդմանն ու ուկրաինացի ժողովրդին։ Նրանք իսկական տղամարդիկ են և իրական հերոսներ, մարդիկ, որոնք ընտրել են պատերազմի ուղին՝ մնալով քաղաքում և շարունակելով պաշտպանել Մարիուպոլը», - հայտարարում էր «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպենկոն՝ խստորեն քննադատելով այն ուկրաինացի զինծառայողներին, որոնք անձնատուր են եղել։

«Մի հերոսացրեք դասալիքներին և կամավորաբար գերի հանձնված մարտիկներին։ Նրանք ընտրել են անարգանքի ճանապարհը և որևէ պարագայում նրանց հերոսացնելու կարիք չկա», - հայտարարում էր «Ազովի» հրամանատարը։

Հիշեցնենք, սակայն, որ 36-րդ բրիգադի մարտիկները գերեվարումից առաջ իրենք էին հանդես եկել համանման ուղերձով՝ բացատրելով, որ իրենց զինամթերքն ու պարենը սպառման եզրին են, և շրջապատման մեջ գտնվելու վեց շաբաթների ընթացքում կենտրոնական հրամանատարությունն իրենց խիստ սահամանափակ ծավալի օժանդակություն է ցուցաբերել։

Արբանյակային պատկերում երևում է Մարուպոլի արևելյան հատվածը
Արբանյակային պատկերում երևում է Մարուպոլի արևելյան հատվածը

Մարիուպոլում շարունակվող օջախային մարտերին զուգահեռ ուկրաինական Գլխավոր շտաբը պնդում է, որ ճակատային մյուս ուղղություններում ռուսական զորքերի մեծ կուտակումներ են նկատվում։

«Թշնամին շարունակում է ուժեղացնել մեր երկրի արևելյան սահմանի մերձակայքում տեղակայված ավիացիոն խմբավորումը։ Ուժեղացվում են նաև հերտանային ստորաբաժանումները, օպտիմալացվում են զորքերի կառավարման, հետախուզական և ռազմաբժշկական համակարգերը։ Հրթիռային հարվածների վտանգը երկրի ողջ տարածքում շարունակում է մշտական բնույթ կրել։ Օկուպանտները չդադարող հրթիռային հարվածներ են հասցնում Դոնեցկի, Խարկովի և Զապորոժիեի մարզերում գտնվող ռազմական և քաղաքացիական ենթակառույցներին», - հայտարարում էր Ուկրաինայի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շպուտունը։

Մոսկվան հայտարարում է Ռուսաստանի տարածքին հասցված ուկրաինական հարվածների մասին

Օրվա երկրորդ կեսին արդեն Մոսկվան սկսեց հայտարարել Ռուսաստանի տարածքին հասցված ուկրաինական հարվածների մասին։ Ռուսական աղբյուրների պնդմամբ՝ ուկրաինական ռազմական ուղղաթիռներն այսօր կեսօրին առնվազն վեց հրթիռ են արձակել Բրյանսկի մարզի Կլիմովո քաղաքատիպ ավանի ուղղությամբ, ինչի հետևանքով յոթ խաղաղ բնակիչ վիրավորվել է, նրանցից երկուսը՝ ծանր։ Այս իրադարձությունը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ՝ փաստորեն ազդարարելով ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ, շատ ավելի արյունահեղ փուլի մեկնարկը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը այս մասին զգուշացնում էր դեռ նախօրեին։

«Ուկրաինական ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների դեմ դիվերսիաների, դրանց հարվածներ հասցնելու փորձերի ականատեսն ենք դառնում։ Եթե դրանք շարունակվեն, ապա Ռուսաստանի ԶՈՒ հարվածներ կհասցնեն որոշումների կայացման վայրերին, այդ թվում՝ Կիևում, մի գործողություն, որից ռուսաստանյան բանակը մինչ այժմ ձեռնպահ էր մնում», - հայտարարում է Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG