Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Վիկտոր Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։
«Ես առաջարկում եմ Ռուսաստանի Դաշնությանը փոխանակել [Մեդվեդչուկին] ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների հետ: Ուստի կարևոր է, որ մեր իրավապահ մարմինները և զինվորականները նույնպես դիտարկեն այդ հնարավորությունը»,- ասել է Զելենսկին չորեքշաբթի օրը տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահը երեկ երեկոյան իր Տելեգրամ-ալիքում տեղադրել էր պետական դավաճանության համար մեղադրվող Մեդվեդչուկի լուսանկարը: Զելենսկու փոխանցմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է անցկացրել ռուսամետ գործչին գտնելու և ձերբակալելու համար:
Մեդվեդչուկը, որին անվանում են «Պուտինի քավորը», տնային կալանքի տակ էր և Ուկրաինա ռուսների ներխուժման առաջին օրը՝ փետրվարի 24-ին, փախուստի էր դիմել: Ուկրաինայում նա մեղադրվում է մի շարք հոդվածներով, 2021 թվականի հոկտեմբերին կոռուպցիային գումարվել է նաև պետական դավաճանության մեղադրանքը: