Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է իր անվան հետ կապվող մի շարք տեղեկությունները, այդ թվում, որ իրեն սպասարկող մեքենան զրահապատ է, 200 հազար դոլար արժե և այլն:
«Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նա անդրադարձավ նաև մի շարք այլ թեմաների:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ԱԺ նախագահի հետ ասուլիսից.
«Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը»
Օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ են պետական միջոցներից թանկարժեք մեքենաներ գնում և ոչ օրինակ` բանակի համար ծախսեր անում:
«Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ, և այդ ծուռ հայելիների աշխարհում ապրելը, որը Ֆեյսբուքը հիմա վերցրել է իր վրա, և իմ անվան հետ կապված շահարկումները, որ մոդայիկ են դարձել, պետք է դադարեն, և մարդիկ պետք է ուշադրություն չդարձնեն, որովհետև այն ամենը, ինչ լսում եմ իմ մասին, արդեն մեր ընկերական շրջանակում բազմաթիվ կատակների թեմա է դարձել», - ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինձ համար պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը, դա իմ ընտրությունը չի` անվտանգության աշխատակիցները: Իմ ամբողջ օրվա կռիվը դա է, որ ես չեմ ուզում, ես ուզում եմ հեծանիվ քշել: Մի անգամ դա արեցի, տղաները ստիպված եղան, մեկը հետևիցս վազում էր, ստիպված կանգնեցի, մյուսը նստել էր մեքենա կողքովս գնում էր․․․ Որովհետև, ըստ օրենքի, եթե ինձ մի բան է պատահում պաշտոնի բերումով, իրենք պատասխանատվության են ենթարկվում», - պարզաբանեց Սիմոնյանը:
«Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ»
«Այդ գումարները ոչ թե պետբյուջեի գումարներն են, այլ Ազգային ժողովի գումարներն են, որը պետությունը փոխանցում է ԱԺ-ին ու դրանից լուծում է նաև իր ընթացիկ խնդիրները», - նշեց Ալեն Սիմոնյանը` արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է պատերազմում պարտված պետությունը թույլ տալիս մեծ գումար տրամադրել գնելու մեքենա:
«Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ` չնայած նրան, որ ինձ ամեն օր սպառնում են սպանել, ես ասել եմ` կարևոր չի դա, դնենք մի կողմ, մենք չենք կարող մեզ շատ ավելի մեծ ծախս թույլ տալ», - հավելեց խորհրդարանի խոսնակը` հավելելով, որ չի եղել Պաշտպանության նախարարության որևէ դիմում, որը կառավարությունը չբավարարի:
«Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք»
Օգտատերերից մեկը խնդրել էր այո կամ ոչ պատասխանել հարցին, թե Սիմոնյանը Արցախը Ադրբեջանի ամբողջականության մաս համարո՞ւմ է:
«Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում, ու ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելն ու գնալ բանակցությունների կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա», - նշեց ԱԺ նախագահը:
«Երբեք Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չի ներկայացրել Ադրբեջանին»
«Երբեք Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չի ներկայացրել Ադրբեջանին, մենք մշտապես ասել ենք, որ դա Արցախի բնակչության, Արցախի ինքնորոշման իրավունքի հարց է, մենք տարածքային պահանջներ չենք դրել», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար Բաքվի ներկայացրած 5 կետերի մասին հարցին:
ԱԺ նախագահը նաև ասաց, որ մոտակա 2-3 օրվա ընթացքում շատ մանրամասներ հայտնի կդառնան այդ 5 առաջարկի ու Արցախում ու Հայաստանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է մեկ այլ հարցի, թե ինչու ինքը և գործող իշխանությունները չեն օգտագործում ԼՂ Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն անվանաձևերը, նա ասաց. «Որովհետև այս բանակցային այս փուլում նպատակահարմար չեմ գտնում ես»:
Իսկ թե ինչու Արցախ չեն այցելում` օրինակ` տեղում խնդիրներին ծանոթանալու, և հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի կոշտ արձագանքից խուսափելու համար չեն անում դա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Օրինակ` Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի, որ ես գնամ, որևիցե բան չի կարող անել: Ես չեմ գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա {ադրբեջանական կողմից}:
Ենթադրենք` ես գնացի, անձամբ իմ մասին եմ խոսում, որովհետև մեր պաշտոնյաները այցելում են, ամեն օր սադրանք է տեղի ունենում, վիճակը լարված է: Եթե ես գնամ, ինձ բան չի լինելու, ես գնալու եմ, հետ գամ, բայց եթե ես պիտի գնամ, դրա պատճառով ադրբեջանցիները, առիթ փնտրելով, կրակեն մեր գյուղացիների վրա, մեր քաղաքացիների վրա, ինչի՞ է պետք դա անել: Ուզում եմ հասկանալ` միգուցե սխա՞լ եմ մտածում: Որպեսզի նման հարց չհնչի, որ ասեն` տեսաք` գնացին, Ալենն ինչ ուժեղ տղա է: Ինչի՞ս է դա պետք, եթե դրա պատճառով ես կարող եմ հրահրել այս նուրբ ժամանակահատվածում որևիցե մի բան: Ես համարում եմ, որ դա սխալ է, գնում են բանակցություններ, և ես առիթ չպետք է տամ հակառակ կողմին գեթ մեկ կրակոց անելու, իսկ մեր պաշտոնյաները գնում են»: