Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը՝ մասնակիցների 2017-ի կազմով


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունում է ազգայնական գործիչ Մարին Լը Պենին, Փարիզ, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունում է ազգայնական գործիչ Մարին Լը Պենին, Փարիզ, արխիվ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ապրիլի 24-ին տեղի կունենա մասնակիցների նույն կազմով, ինչպիսին 2017 թվականին էր։ Ելիսեյան պալատը ղեկավարելու համար կրկին պայքարի են դուրս եկել լիբերալ հայացքներով եվրոպամետ Էմանյուել Մակրոնը և եվրոսկեպտիկ ազգայնական Մարին Լը Պենը։

Նրանց հետ առաջին փուլում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարում էր ևս 10 թեկնածու։ Գործող նախագահը, որն ընդգծված պասիվություն է դրսևորել նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հրաժարվելով ընդհուպ մրցակիցների հետ հեռուստատեսային բանավեճից և բավարարվելով ընդամենը մեկ նախընտրական հանրահավաքով, ստացել է ձայների ավելի քան 27 տոկոսը, նրա հիմնական մրցակիցը՝ ֆրանսիացի ծայրահեղ ազգայնականների երկարամյա առաջնորդ Լե Պենը՝ մոտ 24 տոկոս, երրորդ տեղում է ծայրահեղական ձախերի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը, որի օգտին քվեարկել է ընտրողների 22 տոկոսը, չորրորդ հորիզոնականում հայտնվել է աջակողմյան պոպուլիստ Էրիկ Զեմուրը՝ քվեների 7 տոկոսով։ Ֆրանսիական ավանդական կուսակցությունները՝ սոցիալիստներն ու պահպանողականները ջախջախիչ պարտություն են կրել։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը ներկայացնում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը, չի կարողացել անգամ 2 տոկոս ձայն ստանալ, կենտրոնամետ աջերի թեկնածու՝ Հանրապետական կուսակցությունից Վալերի Պեկրեսին էլ աջակցել է ընտրողների 4,75 տոկոսը։

Երեկ ուշ երեկոյան ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ելույթ ունենալով՝ Մակրոնը կրկին պնդել է՝ իր նպատակն ուժեղ Եվրոպային մաս կազմող մրցունակ, վճռական Ֆրանսիան է, որտեղ կարող են ազատորեն դավանել կամ չդավանել բոլոր կրոնական փոքրամասնությունները։ «Ես ցանկանում եմ այնպիսի Ֆրանսիա ունենանք, որը կկարողանա հաղթահարել կլիմայական և բնապահպանական մարտահրավերները։ Ես ցանկանում եմ այնպիսի Ֆրանսիա ունենանք, որը վճռականորեն հանդես կգա իսլամիստ անջատականների դեմ և չի խանգարի հրեաներին ու մահմեդականներին դավանել իրենց կրոնը։ Ես ցանկանում եմ այնպիսի Ֆրանսիա ունենանք, որը կլինի ուժեղ Եվրոպայի մաս, այլ ոչ թե այնպիսի Ֆրանսիա, որը դուրս կգա Եվրամիությունից՝ ձեռք բերելով այլատյաց ու պոպուլիստ դաշնակիցների», - հայտարարում էր Մակրոնը՝ կոչ անելով չքվեարկել իր աջակողմյան մրցակցի օգտին։

Տրամագծորեն հակառակ սկզբունքներն ունեցող Մակրոնի մրցակիցը, որը 2017 թվականից հետո տևական ժամանակով անհետացել էր տեսադաշտից՝ այդուհանդերձ կարողանալով պահպանել աջակիցների հսկայական ճամբարը, երեկ իր հերթին կոչ արեց չքվեարկել գործող նախագահի օգտին, պնդելով, որ Մակրոնը կտրված է շարքային ֆրանսիացու առօրյա խնդիրներից, խոստանալով, որ ինքը կլինի «բոլոր ֆրանսիացիների նախագահը»։ «Ես մտադիր եմ, անհապաղ, կարել բոլոր այն ճեղքերը , որոնց հետևանքով տառապում է մասնատված Ֆրանսիան, ինչը չի արել որևէ իշխանություն», - հայտարարել է Լը Պենը, որն ի տարբերություն նախորդ քարոզարշավի այս անգամ շեշտակի փոխել է հռետորաբանությունը, մեղմել է միգրանտների հասցեին իր երբեմնի կոշտ հայտարարությունները։

Եվրոսկեպտիկ գործիչը նաև հրաժարվել է Եվրամիությունից Ֆրանսիան դուրս բերելու կարգախոսից՝ փոխարենը խոստանալով նվազագույնի հասցնել Բրյուսելի ազդեցությունը Ֆրանսիայի վրա։

Բացի այդ, Կրեմլի հետ իր վաղեմի կապերով հայտնի թեկնածուն, որի կուսակցությունը մինչ օրս վճարում է ռուսաստանյան բանկից վերցրած 9 միլիոն դոլարի վարկը, բավական ճկուն է գտնվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը արձագանքելու հարցում։ Ֆրանսիացի ազգայնականների առաջնորդն անմիջապես դատապարտել է Մոսկվայի գործողությունները և կոչ արել արտաքսել ռուսաստանցի դեսպանին՝ միևնույն ժամանակ ողջունելով ուկրաինացի փախստականներին հատկացվող օգնությունը։ Ընտրողները հատկապես գնահատել են այն հանգամանքը, որ Ազգային միավորման առաջնորդը, աջակցելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, դեմ է արտահայտվել ռուսական գազից և նավթից ամբողջովին հրաժարվելու գաղաափարին՝ հայտարարելով, որ անխուսափելի ու արդեն արձանագրվող գնաճը շատ ուժեղ կհարվածի ֆրանսիացիների գրպաններին։

Իր սոցիալական խոստումները կազմելիս, ինչպես նկատել է ֆրանսիական մամուլը, ընդդիմադիր թեկնածուն օգտվել է նաև այսպես կոչված «դեղին ժիլետների» ծրագրից։ Այս շարժման ակտիվիստները 2018-ին աննախադեպ ցույցեր էին կազմակերպում Ֆրանսիայով մեկ՝ ընդդեմ վառելիքի հարկը բարձրացնելու Մակրոնի փորձերի։

Վերլուծաբաններն ապրիլի 24-ին ընդառաջ լարված նախընտրական պայքար են կանխատեսում, թեև երկրորդ փուլ չանցած 10 թեկնածուներից միայն Զեմուրն է կոչ արել քվեարկել Լը Պենի օգտին, մյուսները հիմնականում հորդորել են մերժել ընդդիմադիր թեկնածուին։ Եթե Մակրոնին հաջողվի հաղթել երկրորդ փուլում նա կդառնա վերջին 20 տարվա ընթացքում Ֆրանսիայի առաջին նախագահը, որը երկրորդ անգամ է ընտրվել այդ պաշտոնում։

XS
SM
MD
LG