Մատչելիության հղումներ

Ազգայնականները ծանր պարտություն են կրել Ֆրանսիայում կայացած երկրամասային ընտրություններում


Ֆրանսիա - Ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը մասնակցում է ռեգիոնալ ընտրություններին, 20-ը հունիսի, 2021թ.
Ֆրանսիա - Ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը մասնակցում է ռեգիոնալ ընտրություններին, 20-ը հունիսի, 2021թ.

Մարին Լը Պենի առաջնորդած ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը կիրակի օրը կայացած ռեգիոնալ ընտրություններում ծանր պարտություն է կրել՝ չկարողանալով վերահսկողություն սահմանել Ֆրանսիայի երկրամասային կառավարություններից և ոչ մեկի նկատմամբ։

Առաջին փուլում կայացած քվեարկության ընթացքում ազգայնականները հարաբերական մեծամասնություն էին ստացել, սակայն քվեարկության երկրորդ փուլից առաջ քաղաքական մյուս ուժերը, այդ թվում՝ գործող նախագահ Էմանյուել Մակրոնի կողմնակիցներն ու ձախերը, միավորվել էին՝ ազգայնականների հաղթանակը թույլ չտալու նպատակով։

«Այս գիշեր մենք որևէ երկրամասի նկատմամբ վերահսկողություն չենք սահմանել, քանի որ քաղաքական մյուս ուժերը, անբնական դաշինքներ կազմելով, արեցին ամեն ինչ, որպեսզի մենք չկարողանանք ֆրանսիացի ժողովրդին ցույց տալ կառավարման մեր որակները», - քվեարկության առաջին արդյունքների հրապարակումից հետո հայտարարում էր Մարին Լը Պենը։

Կիրակնօրյա քվեարկության ընթացքում բավական անհաջող է հանդես եկել նաև Մակրոնի կողմնակիցներին միավորող «Առաջ հանրապետություն» կուսակցությունը։ Մակրոնի կուսակցությանը չի հաջողվել միայնակ, սեփական ուժերով հաղթել Ֆրանսիայի 13 տարածաշրջաններից և ոչ մեկում։

Ֆրանսիական մամուլն ընդգծում է, որ կիրակնօրյա քվեարկությունն աչքի էր ընկնում ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշով։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ֆրանսիացի ընտրողների ընդամենը 35 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG