Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով և նախապատրաստել խաղաղության պայմանագիրը


Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները երեկ պայմանավորվել են մինչև ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Բացի այդ, ինչպես հայտարարեց Շառլ Միշելի գրասենյակը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և հանձնարարել են իրենց արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Թե որոնք են այդ հարցերը, եվրոպական կողմը չի հստակեցրել։

Սկզբունքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը. Փաշինյան

Արդեն այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարեց՝ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը՝ մանրամասնելով, թե ինչ է նշանակում խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքը. - «Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն: Կառավարության նախորդ նիստում ունեցած ելույթում ես բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր ունեցած նկատառումները, և տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների՝ մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա»։

Ադրբեջանը շաբաթներ առաջ հրապարակեց այն հինգ սկզբունքները, որոնց հիման վրա պատրաստ է Հայաստանի հետ խաղաղություն կնքել։ Առաջինը՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության փոխադարձաբար ճանաչումն է։ Հայկական կողմը հայտարարեց, թե այս օրակարգը պետք է լրացնել՝ բանակցություններում ներառելով նաև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցը։

Բրյուսելյան բանակցություններից հետո, հատկապես Փաշինյանի այս հայտարարության ֆոնին առայժմ անպատասխան է հարցը՝ արդյո՞ք Բաքուն ընդունել է հայկական կողմի այդ առաջարկը։

Ադրբեջանի նախագահական նստավայրը դեռ հաղորդագրություն չի տարածել։ Առայժմ միայն արտգործնախարարությունն է հայտարարել, թե ձեռք բերված համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին, և որ հանդիպման արդյունքում արտգործնախարարներին հանձնարարվել է աշխատել Ադրբեջանի կողմից առաջ քաշված սկզբունքների հիման վրա՝ առանց հավելյալ մանրամասներ նշելով։

Կողմերի միջև երկրորդ սկզբունքային տարաձայնությունը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Բաքուն հայտարարում է, թե այդ ձևաչափն արդեն գոյություն չունի, մինչդեռ Երևանը պաշտոնապես դիմել էր համանախագահներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին աջակցելու համար։ Եվրոպական խորհրդի ղեկավարը երեկ իր խոսքում այս մասին որևէ բան չասաց, հիշատակում չկար նաև պաշտոնական հայտարարության մեջ։

Հայաստանի վարչապետը այսօր Երևանում պնդեց, թե պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ. - «Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման՝ մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»:

Կարևոր ենք համարում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հնարավոր անգործության հետաքննության անցկացումը. Փաշինյան

Եռակողմ հանդիպմանը նախորդել էր լարվածությունը Ղարաբաղում, որն ամենասուրն էր վերջին պատերազմից ի վեր։ Չնայած զոհերին, ադրբեջանական կողմի առաջխաղացմանն ու Ղարաբաղի գազամատակարարումը անջատելու դեպքերին՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը հանդիպումից հետո ուղիղ քննադատություն չհնչեցրեց Բաքվի հասցեին։ Հարցը, սակայն, քննարկվել է, այսօր տեղեկացրեց վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս մասով Հայաստանը ակնկալիքներ ունի Ռուսաստանից. - «Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում»:

Ապրիլի երկրորդ կեսին Մոսկվա կատարելիք այցից առաջ Փաշինյանը կրկին ընդգծեց՝ Հայաստանն ակնկալում է, որ «ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն Ղարաբաղում իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»։

Խոսելով դելիմիտացիայի շուրջ համատեղ հանձնաժողովից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն սահմանազատումից բացի ունենալու է նաև սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման մանդատ: Արդյո՞ք դա նշանակում է, որ շուրջ մեկ տարի առաջ Հայաստանի տարածք մտած արդբեջանական զորքերը հետ են քաշվելու, ինչպես պահանջում է Հայաստանի կառավարությունը, հստակ չէ։

Վարչապետը միայն ասաց, թե այս թեմայով քննարկումները, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, և ի վերջո, կողմերը հանգել են այսպիսի կոմպրոմիսային որոշման։

Վարչապետը նշեց, որ քննարկվել է նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը, սակայն, դրա շուրջ եղել են տարընթերցումներ։ «Պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ հարցերում են հիմնական տարաձայնությունները։

Եվրոպական խորհդի ղեկավարը երեկ ողջունել էր երկաթգծի վերաբացմանն ուղղված ջանքերը՝ հորդորելով քայլեր ձեռնարկել նաև ավտոճանապարհների գործարկման ուղղությամբ։

Շառլ Միշել
Շառլ Միշել

Այն, որ առջևում դժվար բանակցություններ են, երեկվա հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը չթաքցրեց նաև միջնորդը՝ Եվրոպական խորհրդի նախագահը. - «Չեմ թերագնահատում երկու կողմերի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները, սակայն զգում եմ, որ ընդհանուր կամք կա՝ առաջընթաց ապահովելու, համագործակցելու համար, հստակեցնելու՝ որոնք են առաջնահերթությունները և կոնկրետ քայլերը, որոնք կարող են անել միասին», - ասել է Միշելը։

Գերիների և պահվող անձանց մասով հստակ պայմանավորվածության մասին չհաղորդվեց։ Եվրոպական խորհուրդը միայն հայտարարեց, թե կողմերի մարդասիրական ժեստերը կարևոր են վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար` շեշտելով, որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում` գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։

Շառլ Միշել. Գերազանց և շատ արդյունավետ հանդիպում էր

Բանակցություններից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Եվրոպական խորհրդի նախագահը ոգևորված էր, սակայն դժվարացավ որևէ ժամկետ նշել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. - «Գերազանց ու շատ արդյունավետ հանդիպում էր նախագահ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրամիության համար հույժ կարևոր է Հարավային Կովկասում կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը։ Այս պատճառով ենք մենք ներգրավված՝ աջակցելու դրական բոլոր ջանքերն ու վստահության ամրապնդմամբ միջոցները, և այս երեկո մենք լուրջ առաջըթնաց ունեցանք»։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը դրական են արձագանքել նաև Կրեմլում։ «Հասկանալի է, որ գործընթացը բավականին երկարատև է, սակայն նման փաստաթղթղի կնքման ուղղությամբ ընթացքը շատ դրական գործոն է և ողջունվում է»,- այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG