Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Պուտինը կրկին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելով քննարկել Լեռնային Ղարաբաղի թեման, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շրջանում կայունությանը աջակցելու հարցերի շուրջ։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնություններին անշեղորեն հետևելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ Հայաստանի կառավարության` երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախօրեին Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը:

Վերջին լարվածությունից ու միմյանց ներկայացված առաջարկներից հետո՝ հաջորդ շաբաթ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները առաջին անգամ կնստեն դեմ առ դեմ բանակցությունների։ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա գալիք չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում։

Իրադրությունը Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվել է նախորդ հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, 15-ը՝ վիրավորվեց։

Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը, գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այսօր հայտարարել է Արցախի ղեկավարը:

Մարտի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ադրբեջանական զորքը մտել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անցած կիրակի երեկոյան Ռուսաստանի ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ բնակավայրից։

XS
SM
MD
LG