Կրեմլը դրական է գնահատում խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ Բրյուսելում կայացրած որոշումը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրական է։ Հասկանալի է, որ սա շատ և շատ երկարատև գործընթաց է, սակայն նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացն ինքնին դրական փաստ է և ողջունելի է», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը։
Երեկ Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ում միջնորդությամբ ու մասնակցությամբ էլ կայցել են բանակցությունները, «Գերազանց և շատ արդյունավետ» է գնահատել հանդիպումը։