Կառավարությունն այսօր հաստատեց աջակցության ևս երկու ծրագիր, դրանք վերաբերում են պատերազմի հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին ու Արցախից տեղահանվածներին։
Փաստացի Հայաստանում ապրող գործազուրկ արցախցիները, որոնց բնակավայրերն անցել են ադրբեջանցիների տիրապետության տակ, կարող են գործատուների մոտ որոշակի աշխատանքի անցնել և պետության կողմից 3 ամիս շարունակ 100 հազար դրամ աշխատավարձ ստանալ։ Իսկ փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպողը, այսինքն գործատուն՝ 34 հազար դրամ աջակցություն կստանա։
Ծրագիրը կառավարությունում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը. «Այս ծրագրերն իրենց բնույթով կարճաժամկետ են, այսինքն չեն խրախուսում աշխատանքը, քանի որ նաև իմ Արցախ կատարած այցի շրջանակներում մեր գործընկերների հետ քննարկել ենք և առաջիկայում Արցախում են նախատեսված ավելի երկարաժամկետ աշխատանքի խրախուսման միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան Արցախի քաղաքացիներին ապահովել կայուն եկամուտ»
Երևանի կենտրոնում գործող գեղեցկության սրահներից մեկի սեփականատեր Արուսյակ Մանուկյանը պատերազմի առաջին իսկ օրերից արցախցիների համար կարճաժամկետ ու անվճար դասընթացներ էր կազմակերպել, որը շարունակական է։ Ասաց, որ կառավարության այս ծրագրից կօգտվի, բայց որպես գործատու իրեն հասանելիք 34 հազարական դրամները կստանա ու կնվիրի իր արցախցի աշակերտներին, որոնք այդ ծրագրի շահառու կլինեն։
«Կցանկանամ, որ այդ 34-ն էլ գոնե անցնի այն մասին, որ իրենք կարողանան գոյատևել էս կյանքում: Ունեցանք վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման դասընթացներ», - նշեց Մանուկյանը:
Տարիներ առաջ, վերաբնակեցման ծրագրով Հայաստանից Քաշաթաղի Արծվաշեն գյուղում բնակություն հաստատած Ղալամյանների ընտանիքն այսօր Երևանում է, գյուղը ադրբեջանցիներին է անցել։ Բազմազավակ ընտանիքն այսօր կամավորների աջակցությամբ վարձով է բնակվում Երևանի հարակից համայնքներից մեկում։ Ամուսինը պատերազմի օրերին ողնաշարի վնասվածք է ստացել, աշխատել չի կարող։ «Ազատության» զրուցակիցը պատմեց՝ հիվանդանոցից-հիվանդանոց են գնացել, տարբեր թղթեր տարել, բայց գերադասել են, օրինակ, անհրաժեշտ բժշկական գոտին անվճար տրամադրվողի փոխարեն բարեգործների աջակցությամբ ձեռք բերել՝ փաստաթղթային քաշքշուքներից խուսափելու համար։ Նույն դժվարությամբ նաև տեղահանվածների աջակցության ծրագրից են օգտվել՝ 7 հոգանոց ընտանիքի 5 անդամներին 68 հազար դրամ է հատկացրել պետությունը։ Այս նոր ծրագրից նույնպես կօգտվեն, բայց ասում է՝ իրենց խնդիրներն այնքան շատ են, որ սիրտ չի մնացել թղթեր հավաքելու համար:
«Ճիշտն ասած փաստաթղթերը հավաքելը մի քիչ շատ է ձգձգվում, դրանից ենք շատը հիասթափվում, որովհետև մենք ունենք հազար ու մի մտածմունք, խնդիրներ շատ ունենք էլի, ամուսինս էլ, որ մասնակցել է, ողնաշարի հետ խնդիր ունի հիմա, դա էլ մի կողմից: Եթե քաշքշուկ չլինի, իհարկե, կուզենք», - ասաց «Ազատության» զրուցակիցը:
Կառավարության այսօր հաստատած մյուս ծրագրով էլ պատերազմի հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները, մինչև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալը, 300 հազար դրամի չափով աջակցություն կստանան:
«Առաջարկվող միջոցառումը ենթադրում է, որ որոշ հիվանդությունների գծով, որոշ վնասվածքների գծով, որ ակնհայտ է, որ այդ քաղաքացիներն առաջիկայում ստանալու են հաշմանդամության խումբ, մինչև հաշմանդամությամբ խմբի ստացումը, նրանք հնարավորություն են ունենում հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով: Այս պահին հիմնադրամը նման գործառույթ ունի, յուրաքանչյուր ամիս իրականացնում է աջակցության տրամադրում 100 հազար դրամի չափով: Համաձայն միջոցառման առաջարկվում է այդ գումարն ավելացնել ևս 200 հազար դրամով պետբյուջեի միջոցներով և մինչև 6 ամիս ժամկետով այդ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ 300 հազար դրամ աջակցություն մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալը», - ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Պատերազմից տուժած մարդկանց ու արցախցիներին հյուրընկալողներին ուղղված սոցիալական ևս 3 ծրագիր կառավարությունը հաստատել էր դեկտեմբերի սկզբին։