Մատչելիության հղումներ

Երկու նոր ծրագիր է մեկնարկել Հայաստանում ժամանակավոր ապաստանած ու գործազուրկ արցախցիների համար


Արցախից Հայաստան տեղափոխված Արկադի Պողոսյանը, 26-ը հունվարի, 2021թ.
Արցախից Հայաստան տեղափոխված Արկադի Պողոսյանը, 26-ը հունվարի, 2021թ.

«Արցախում աշխատել եմ եվրոդռների արտադրամասում», - հիմա ոչ արտադրամասը կա, ոչ էլ Հադրութի շրջանն է հայերինը, իսկ հադրութցի Արկադի Պողոսյանի նորոգված տունն ու նոփ-նոր կահույքը կվայելեն այլոք:

Այժմ Արկադին աշխատանք է փնտրում այստեղ. «Առաջարկել են դռների, պատուհանների արտադրամասում, կար երկաթյա դռների արտադրամաս, գնացի նայեցի, խոսեցի, կար կահույքի արտադրամաս»:

Առաջարկը ստացել է Սոցապ նախարարությունից, նոր ծրագիր է մեկնարկել Հայաստանում ժամանակավոր ապաստանած ու գործազուրկ արցախցիների համար:

«Մեկը պրակտիկայի ծրագիրն է, մյուսը վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիրն է: Երկուսն էլ կարճաժամկետ են, երեք ամսից ոչ ավելի տևողության սկզբունքով դրված են բոլորի համար», - ասաց ​Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Սարգսյանը մանրամասնում է՝ պրակտիկան կարող է լինել որևէ արտադրությունում կամ սպասարկման ոլորտում՝ զբաղվածության կենտրոններն արդեն գործատուների բազաներ ունեն. արցախցիները ձեռք կբերեն փորձառություն ու նաև կվճարվեն:

«Աշխատավարձի տեսքով է ստանում, մաքուր 100 հազար դրամ, դա արցախցին է ստանում յուրաքանչյուր ամսվա համար: Պահումների գումարը և նաև պրակտիկա իրականացնող աշխատողի գումարը գործատուն ստանում է առանձին: Պահումների մասը մոտավորապես կազմում է 34 հազար դրամ, ինչը պետությունը փոխհատուցում է գործատուին», - նշեց փոխնախարարը:​

Կա նաև օրավարձով աշխատանքի հնարավորություն, օրը 6200 դրամ մաքուր եկամուտով՝ սա էլ համայնքային աշխատանք է. «Խոսքը գնում է միայն վերանորոգման, բարեկարգման՝ համայնքային կառույցների, այսինքն մանկապարտեզ, դպրոց, այգի, պուրակ, հուշարձան և նաև ևս մեկ աշխատանք՝ ձնամաքրման»:​

Զբաղվածության այս երկու ծրագրերի համար արդեն 1047 արցախցի է դիմել՝ առցանց եղանակով, դիմումը կարելի է լրացնել employment.am կայքում։ Եկող շաբաթվանից արդեն դիմողները կարող են գործի անցնել։ Սոցապ փոխնախարարը շեշտում է՝ աշխատանքը երեք ամսով է, Արցախ վերադառնալուն այս ծրագրով չեն խոչընդոտելու, մարդիկ կարող են եկամուտ ստանալ, հընթացս փորձ ձեռք բերել ու այն կիրառել հենց Արցախում: Ըստ Ռուբեն Սարգսյանի, զբաղված լինելը նաև կօգնի այս մարդկանց մի քիչ մոռանալ եղածը:

Տասնամյա Լիլիթի համար հարազատը Հադրութի տունն է, այստեղ հայրիկի հետ Սոցապի տրամադրած կացարանում են ապրում, մայրիկն Արցախում է, Պաշտպանության բանակում։ Մինչև այժմ պետության տրամադրած 300 հազարական դրամով են գնել առաջին անհրաժեշտության իրերը:

Արկադի Պողոսյանն ուզում է որքան հնարավոր է շուտ գործի անցնել, հետո, օգտագործելով այստեղ ձեռք բերած փորձը, պլաստիկի արտադրություն հիմնել Ստեփանակերտում:

Պետրոսյանների ընտանիքում էլ առայժմ պետության աջակցության հույսին են. «300 հազարները, որ ստացել եմ, տարել եմ ծածկոցներ առել, մեզ համար շորեր ենք առել»:​

Ռոմելա ու Շուրա Պետրոսյաններն էլ Հադրութից են ու ապրում են դարձյալ Սոցապի տրամադրած կացարանում, որդին՝ Արթուրը օրեր առաջ է առցանց դիմում ներկայացրել, որպեսզի մի գործ գտնի այստեղ: Բայց մինչև այդ ընտանիքում շատ սուր է դրված երկրորդ սենյակն ունենալու հարցը, այս պատերազմում Արթուրը անօդաչուի հարվածից ծանր վիրավորում էր ստացել, ապաքինվելուց հետո եկել այս կացարան, հավանել հարևան սենյակի թաղավարդցի Կարինեին ու բերել իրենց սենյակ: Հիմա նորապսակներն ու տան մեծերը բոլորով այդ փոքր սենյակում են քնում:

Լսել են, որ այս նույն շենքում Սոցապն ազատ սենյակներ ունի, մի դիմում էլ այս հարցով են գրել նախարարին։ Տան մեծը՝ Շուրա Պետրոսյանը կարեկցանքով է հետևում նորապսակներին, մի առանձին սենյակ նա էլ է խնդրում:

Հույս ունեն, որ նախարարությունում ըմբռնումով կմոտենան այս նուրբ հարցին: Արցախում տուն լինի, կգնա՞ն, այս հարցը ընտանիքում դեռ քննարկվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG