Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանին վտարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից:
Այդ առաջարկով երկու երկրները հանդես են եկել Ուկրաինայում ռուսական բանակի բիրտ գործողությունների և մասնավորապես Բուչա ավանում պատերազմի ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկատվության հրապարակման կապակցությամբ:
«Ռուսաստանի անդամությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին խեղկատակություն է: Դա սխալ բան է, և հենց այդ պատճառով մենք գտնում ենք, որ եկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ռուսներին այդ խորհրդից քվեարկությամբ վտարելու ժամանակը», - հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Նրա խոսքով՝ «Բուչայից ստացված պատկերները պարտադրում են խոսքը գործով ապացուցել»:
Այդ մասին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն ասել է Ուկրաինայի հետ սահմանակցող Ռումինիայի մայրաքաղաքում:
Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Բուխարեստ է մեկնել տեսնելու, թե ինչպես են Ռումինիայի իշխանությունները կազմակերպում ուկրաինացի մեծ թվով փախստականներին տեղավորելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու գործընթացը: Երեկ ԱՄՆ-ի առաջարկին միացել է Բրիտանիան:
«Հաշվի առնելով պատերազմի հանցագործությունների մասին վկայող համոզիչ տեղեկությունները, այդ թվում՝ զանգվածային գերեզմանների և Բուչայում մարդկանց սարսափելի սպանդի մասին տեղեկությունները, հարկ է փաստել, որ Ռուսաստանն այլևս չպետք է լինի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ»,- հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը:
Երեկ Վարշավայում նա ասել է, որ Պուտինին պետք է պարտության մատնել Ուկրաինայի պատերազմում:
«Այս շաբաթ ավելի ուշ Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն: Մենք կհաղորդենք նոր պատժամիջոցների մասին: Փաստն այն է, որ փողն Արևմուտքից դեռ հոսում է Ռուսաստան և ֆինանսավորում է Պուտինի պատերազմի մեքենան: Դրան պետք է վերջ տալ», - ասել է Թրասը:
Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս հանելու համար անհրաժեշտ կլինի, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այդ առաջարկի օգտին քվեարկի 193 անդամ պետությունների առնվազն երկու երրորդը: