Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը որևէ առաջընթաց չեն գրանցել պատերազմական հանցագործությունները հետաքննելու ուղղությամբ. Amnesty International


Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը փաստում է՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը որևէ առաջընթաց չեն գրանցել 44-օրյայի ժամանակ տեղի ունեցած պատերազմական հացագործություններն ու միջազգային հումանիտար իրավունքի այլ խախտումները հետաքննելու ուղղությամբ։

Կազմակերպության՝ այսօր հրապարակած տարեկան զեկույցը պնդում է, թե վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում ավելի քան հարյուր մարդ է սպանվել հայկական կողմի տեղադրած ականների պատճառով։ Միաժամանակ, զեկույցը մեջբերում է Եվրոպայի խորհրդի նախագահի խոսքերը, թե Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, թեև Ադրբեջանը վիճարկում է դրանց ճշգրտությունը։

Զեկույցը քննադատում է նաև Բաքվի իշխանություններին՝ արձանագրելով, որ անցած տարեվերջի դրությամբ Ադրբեջանում պահվում էին հայաստանցի ավելի քան 60 գերիներ։ Հիշատակվում է Եվրոպայի խորհրդի՝ ամսիներ առաջ հնչեցրած մտահոգությունը, թե հայաստանցի գերիները շարունակում են պահվել անմարդկային պայմաններում, նրանց նկատմամբ իրականացվում է անարդար, արագ դատավարություն։ Միաժամանակ, նշվում է, որ հայաստանցի շուրջ երեսուն գերիների ճակատագիրը մինչ օրս անհայտ է, և կան ենթադրություններ, թե նրանք կարող են սպանված լինել։

Հեղինակավոր կազմակերպությունը անդրադառնում է պատերազմի հետևանքով տեղահանված անձանց։ Փաստելով, որ թեժ մարտերից հետո փախստականներից շատեր վերադարձել են Ստեփանակերտ ու հայկական կողմի վերահսկոցության տակ գտնվող տարածքներ՝ Amnesty International-ը միաժամանակ նշում է, որ շուրջ 36 հազար մարդ շարունակում է տեղահանված մնալ, նրանց գերակշռող մասը թողել է իր տները տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Միջազգային կազմակերպությունը անդրադարձել է նաև ներհայաստանյան իրավիճակին, պնդելով, որ խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։

«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ [2021թ.] մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ազատազրկումը», - արձանագրել է Amnesty International-ի այս արվա զեկույցը։

Միջազգային կազմակերպությունը փաստել է, որ շարունակվում է քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։ «Շինծու» որակելով նրա դեմ հարուցված գործը՝ Аmnesty-ն նշում է, թե նա կարող է երեքից վեց տարվա ազատազրկման դատապարտվել եզդի փոքրամասնության հանդեպ իշխանությունների քաղաքականությունը քննադատելու համար։

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը պնդում է, թե Հայաստանի գլխավոր դատախազությունն ու իրավապահ այլ մարմիններ ձախողել են արդյունավետ հետաքննություն անցկացնել 2020-ի պատերազմից հետո մի շարք ՀԿ-ների ու լրատվամիջոցների դեմ տեղի ունեցած հարձակումների կապացությամբ։ Այս շարքում նշվում են սպառնալիքներն ու հարձակումները Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի և Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակների դեմ։

Զեկույցը փաստում է, որ անցած տարվա ընթացքում բողոքի ակցիաներն ու հանրահավաքներն, ընդհանուր առմամբ, թուլատրված են եղել՝ հիշեցնելով, որ 2021թ. հունվարին կառավարությունը չեղարկեց քովիդով և անվտանգության նկատառումներով պայմանավորված հավաքների սահմանափակումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG