Մատչելիության հղումներ

Բռնություն, ստորացում, կտտանքներ՝ Թաթոյանը ներկայացրեց նախկին գերիների պատմությունները


«Բռնություն, ստորացում, կտտանքներ»... այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին պատմել են 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական գերության մեջ հայտնված, հետո հայրենիք վերադարձած գերիները։

Արման Թաթոյանն այսօր լրագրողներին ներկայացրեց գերիների պատմությունների, պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին անգլերենով հրապարակված արտահերթ զեկույցը, որն առաջիկայում կուղարկի միջազգային տարբեր կառույցների։

«Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերիին, գցել են աղբարկղի մեջ», - ներկայացրեց Թաթոյանը:

Օմբուդսմենի խոսքով, ավելի դաժան կտտանքների են ենթարկվել 2016-ի ապրիլյան և ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցները։ Թաթոյանը պնդեց՝ հիվանդանոցում թույլ են տվել հայ ռազմագերիներին ստորացնել, ուշացրել են բուժօգնությունը, որոշ դեպքերում բժիշկն է բռնություն կիրառել։ Հայաստանի օմբուդսմենը նաև մեղադրանքի սլաքներ ուղղեց Ադրբեջանի օմբուդսմենի ուղղությամբ՝ ասաց, որ նույնիսկ նրա ներկայացուցիչներն օգնել են ռազմագերու մարմնի մասերն այնպես մշակել, որ նկարահանման ժամանակ վերքերը չերևան։

Թաթոյանն իր զեկույցում նաև գրել է, որ ադրբեջանական կողմը հայ ռազմագերիներին ստիպել է ադրբեջաներեն փաստաթղթեր ստորագրել, վատ արտահայտվել Հայաստանի իշխանության, լավ՝ Ադրբեջանի իշխանության մասին և միայն տեսախցիկների ու միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների առջև է նրանց ներկայացրել պատշաճ տեսքով։

«Սա գրեթե բոլորն են առանձնազրույցների ժամանակ նշել, որ հենց իմացել են, որ օրինակ՝ այց են իրականացնելու կա՛մ Կարմիր խաչը, կա՛մ ռուս խաղաղապահ ուժերը, միանգամից սկսել են նորմալ վերաբերվել և ներկայացրել են առանձնազրույցի այն մարդկանց, ում նորմալ են վերաբերվել կամ նախապես պատրաստել են», - ասաց Թաթոյանը:

Եվրադատարանում ռազմագերիների շահերի պաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը հավելեցին՝ պատերազմի ընթացքում և հետո դատարան են ներկայացրել մի քանի հարյուր դիմումներ, բայց իրենց հանդիպումները վերադարձած գերիների հետ վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ ռազմագերու չեն տեղեկացրել, որ ՄԻԵԴ-ը զբաղվում է նրանց հարցերով։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրենք 38 գերու վերաբերյալ դիմում են ներկայացրել Ստրասբուրգ՝ ահազանգելով, որ Ադրբեջանը նրանց զրկել է կյանքից։ Սահակյանն ասաց՝ ունեն բավարար ապացույցներ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում և նախագահ, գերագույն հրամանատար Իլհամ Ալիևին։

«Ռազմագերիների թվաքականը կեղծելը, թաքցնելը կամ ռազմագերիներին անհապաղ ազատ չարձակելն ինքնին պատերազմական հանցագործություն է, իսկ մենք տեսնում ենք, որ պատվերը տրվել է հենց Ալիևի կողմից», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի գրասենյակի փորձագետի խոսքով, Եվրադատարանը ՀՀ-ին և Ադրբեջանին մինչև նոյեմբեր ժամանակ է տվել՝ պատասխանելու որոշակի հարցերի

Հայաստանի կառավարությունն ընդդեմ Ադրբեջանի դեռ փետրվարին է դիմում ուղարկել Եվրոպական դատարան։ Եվրադատարանում կառավարության ներկայացուցչի գրասենյակի իրավաբան, փորձագետ Իգոր Միրզախանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ գանգատում տեղ են գտել տարատեսակ խախտումներ՝ տեղահանվածների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց իրավունքներից մինչև կյանքի իրավունքի խախտումների մասին տեղեկություններ։ Ադրբեջանը ևս պատերազմին առնչվող դիմում է ներկայացրել Հայաստանի դեմ։

«Ճիշտ է գանգատը ներկայացվել է պետության կողմից, բայց գանգատը ներկայացվում է անձանց անունից, այսինքն՝ գանգատի արդյունքում վերականգնելու է անհատի, քաղաքացու իրավունքը», - ասաց Միրզախանյանը:

Իգոր Միրզախանյանի խոսքով՝ Եվրադատարանն այժմ զբաղվում է դիմումների քննությամբ և կողմերին մինչև նոյեմբեր ժամանակ է տվել՝ պատասխանելու որոշակի հարցերի՝ մասնավորապես, արդյոք մի կողմի փաստարկներն առնչվո՞ւմ են հակառակ կողմին. «Եթե մենք ասում ենք, որ Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական որևէ տարածք և դրա արդյունքում խախտվել է ինչ-որ քաղաքացիական անձի կյանքի իրավունքը, արդյոք այդ խախտումը կարա՞ ընկնի Ադրբեջանի իրավասության ներքո: Այսինքն՝ արդյոք Ադրբեջանը պատասխանատո՞ւ է դրա համար, թե՞ ոչ»:

Ըստ փորձագետի, Եվրադատարանն իր կայացվելիք վճիռներում կա՛մ պետք է արձանագրի, որ Ադրբեջանը խախտել է դիմումում հիշատակված անձանց իրավունքները և պարտավորեցնի փոխհատուցում տրամադրել, կա՛մ ոչ։

«Տարբեր խախտումների համար տարբեր անձինք են ներկայացվում, օրինակ, հնարավոր է լինի քաղաքացի, ում թե՛ կայնիք իրավունքն է խախտվել, թե՛ սեփականության իրավունքը, թե՛ ընտանեկան կյանքի իրավունքը, կարող է լինել քաղաքացի ում մոտ միայն սեփականության իրավունքն է խախտվել», - նշեց Միրզախանյանը:

Ընդդեմ Ադրբեջանի դիմումում տեղ են գտել նաև այնպիսի փաստեր, որոնց անդրադարձել են նաև միջազգային կառույցները։ Պատերազմի ընթացքում հեղինակավոր Amnesty International-ը հայտարարել էր, որ կազմակերպության փորձագետները Ստեփանակերտում կարողացել են նույնականացնել՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է արգելված կասետային ռումբերով։

Իր հերթին, փաստերի ստուգմամբ և համացանցում առկա բաց աղբյուրների միջոցով հետաքննություններ անցկացնող Bellingcat կայքը եզրահանգել էր, որ հոկտեմբերի 15-ին ադրբեջանական Տելեգրամում շրջանառվող երկու տեսանյութերում մահապատժի են ենթարկում երկու խաղաղ բնակչի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ տեսանյութերը ոչ մի առնչություն չունեն ադրբեջանական բանակի հետ։

Արդյոք Հայաստանի կառավարությունը, բացի Եվրադատարանի լծակից, ձեռնարկո՞ւմ է քայլեր միջազգային հարթակներում Ադրբեջանին կանչելու պատասխանատվության պատերազմական հանցագործությունների համար։ ԱԳՆ-ից փոխանցեցին՝ այս հարցին կպատասխանեն առաջիկայում։

Իր հերթին Հայաստանի Գլխավոր դատախազությունը մի շարք քրեական գործեր է հարուցել Ադրբեջանի թույլ տված խախտումների վերաբերյալ, մանրամասներ այս մասին դեռևս չեն հաղորդվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG