Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիան արտաքսել է հինգ ռուս դիվանագետի


Սկոպյե
Սկոպյե

Հյուսիսային Մակեդոնիան արտաքսել է հինգ ռուս դիվանագետի, ինչպետ հայտարարել է Սկոպյեն, «անպատշաճ» դիվանագիտական գործունեության համար։

Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ ռուսաստանցի դիվանագետների վտարման մասին նոտա է հանձնվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բազդնիկինին։

Հինգ դիվանագետներին, որոնց անունները չի հաղորդվում, հինգ օր ժամանակ է տրվել երկիրը լքելու համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսային Մակեդոնիան արտաքսում է ռուս դիվանագետներին, անցած ամիսներին երկրից վտարվել էին ևս երկու ռուսաստանցի պաշտոնյաներ։ Մինչ այդ էլ՝ երկու տարի առաջ մեկ դիվանագետ արտաքսվել էր «ներքին անվտանգության նկատառումներով» պայմանավորված և ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության՝ Սկրիպալների թունավորման գործով։

Հայր և դուստր Սկրիպալները թունավորվել էին բրիտանական Սոլսբերիում 2018 թվականի մարտին: Ըստ Լոնդոնի՝ նրանք ենթարկվել էին «Նովիչոկ» ռազմական նյարդապարալիտիկ նյութի ազդեցությանը, որն արտադրվել է ԽՍՀՄ-ում: Բրիտանական իշխանությունները եզրակացրել են, որ հավանաբար միջադեպին մասնակից է եղել Ռուսաստանը: Հետագայում Լոնդոնը ռուսական հատուկ ծառայությունների երկու ենթադրյալ աշխատակիցների մեղադրեց Սկրիպալներին թունավորելու մեջ, ավելի ուշ նաև մեղադրանք առաջադրեց Ռուսաստանի մեկ քաղաքացու։ Մոսկվան բազմիցս հերքել է մեղադրանքները:

XS
SM
MD
LG