Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում հարցադրում է արել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին, հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից։ Պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ինչպես է արձագանքել Պուտինը Փաշինյանի այս առաջարկին։
Կառավարության հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Հայաստանի վարչապետը գնահատել է լարված։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում։
Կրեմլն այս շաբաթ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին չի հայտնել։ Պուտինի խոսնակն է միայն լրագրողներին տեղեկացրել, որ Ռուսաստանի նախագահը հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի հետ՝ տեղեկացնելով՝ քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում։ Հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին էլ հայկական կողմը չէր հայտնել։
Կառավարությունից «Ազատությանը» տեղեկացրին՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներ պարբերաբար են լինում և դրանցից ոչ բոլորն են լուսաբանվում։ Գործադիրից պարզաբանում են՝ միայն կարևոր հեռախոսազրույցների մասին է պաշտոնական էջում տեղեկացվում։
ԱՄՆ-ը և Ֆրանսիան արձագանքել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանը
Հինգշաբթի օրվանից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանն է անդրադարձել Միացյալ նահանգները։ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնում են, որ պաշտոնական Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է 2020 թվականի նոյեմբերից հետո շփման գծում հաստատված իրավիճակին։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Զորաշարժերը և էսկալացիայի տանող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ», - ասել է գերատեսչության ներկայացուցիչ Ջալինա Փորթերը։
Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի գլխավոր տեղակալը լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ փոխպետքարտուղարի մարտի 24-ի հեռախոսազրույցներին։
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանն Ադրբեջանի արտգործնախարարությունն է արձագանքել՝ այն որակելով «անպատասխանատու քայլ» և ընդգծել, թե Ադրբեջանը գործում է իր ինքնիշխան տարածքներում:
Ֆրանսիան էլ կոչ է անում Ադրբեջանի զինուժին բանակը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրվա դիրքերին:
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ և Ադրբեջանի առաջ գնացած ստորաբաժանումներին կոչ է անում վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման հայտարարության օրով զբաղեցրած դիրքեր»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել։
Այս ամենի ֆոնին պաշտոնական Երևաննն այսօր հայտարարեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։