Մատչելիության հղումներ

Ռուսաստանի առաջարկով ենք Քարագլխի բարձունքից հանել մեր դիրքերը. Սամվել Բաբայան


«Հայկական կողմը պետք է պահանջի Ռուսաստանից վերադարձնել Քարագլխի բարձունքը, որովհետև հենց Ռուսաստանի առաջարկով ենք այնտեղից հանել մեր դիրքերը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Վերջինս պարզաբանեց՝ իր տեղեկություններով` մեկ շաբաթ առաջ Ասկերանի շրջանի գյուղերում լարվածության ֆոնին ռուս խաղաղապահներն առաջարկել են այդ հատվածներից հանել և՛ հայկական, և՛ ադրբեջանական դիրքերը, որպեսզի լարվածությունը թուլանա։ Պայմանավորվածությունը կատարել է միայն հայկական կողմը, իսկ Ադրբեջանը առանց ռուսական կողմի դիմադրության երեկ առաջացել է այդ տարածքներում. «Խրամորթում, որ խնդիրներ ունեցանք, այ էդ ժամանակ ռուսները այդ առաջարկը արեցին»,- ասաց Սամվել Բաբայանը։

Պատերազմի օրերին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Բաբայանը այսօր ԱԺ-ում հանդիպում էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Չբացառեց, որ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար՝ կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, որի ղեկավարը Անդրանիկ Քոչարյանն է։

Ադրբեջանի զինուժը երեկ Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն` գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։

XS
SM
MD
LG