Մատչելիության հղումներ

Երևանն ակնկալում է, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է, այսօր հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետների ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ, ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ակնկալում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»:

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում
Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում

Ադրբեջանն իրականացնում է պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը, իր հերթին հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Շեշտելով, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակներն են՝ ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով, Արցախի արտգործնախարարությունը պնդում է՝ «Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին»:

«Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար», - նշում է արտգործնախարարությունը՝ շարունակելով․ - «Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ»:

Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։

XS
SM
MD
LG