Ադրբեջանի զինուժն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հավելելով, որ պաշտպանության բանակի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
«Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է: Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի»,- ասված է Տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ։
Թե ինչ իրավիճակ է Խրամորթում, արդյոք կրակոցներ լսվում են, թե ոչ, մեր հարցերին համայնքի ղեկավարը չկարողացավ պատասխանել, միայն հայտնեց, որ Խրամորթում իրավիճակը լարված է։ Մեզ հետ զրույցի ընթացքում գյուղից դեռ բնակիչներին էին տարհանում։
«Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», - ասաց Աբրահամյանը։
Խրամորթում 100 ընտանիք է ապրում, նրանց կողքին են նաև Արցախի այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք։ Գյուղը սահմանային է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Աղդամի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։ Խրամորթի բնակիչներից Նաիրա Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում կրակոցների, պայթյունների ձայներ չեն լսվել, սակայն ապահովության համար կանայք ու երեխաները գյուղը կրկին լքում են։
«Ժողովրդին տարհանում են՝ փոքրերին, կանանց», - ասաց Աբրահամյանը:
Խրամորթում իրավիճակը լարված է փետրվարից։ Նախ ադրբեջանցիները թույլ չէին տվել գյուղացիներին իրենց խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, հետո էլ գյուղը պարբերաբար թիրախավորում էին, կրակում էին նաև ականանետից։ 2 շաբաթ առաջ այնտեղ իր տան բակում խաղաղ բնակիչ վիրավորվեց ադրբեջանական ականի պայթյունից։ Այս ամենին զուգահեռ ադրբեջանցիները ձայնագրություն էին միացնում՝ պահանջելով խրամորթցիներից հեռանալ գյուղից։ Այդ դեպքերից հետո գյուղի կանայք ու երեխաները տարհանվել էին, և միայն օրեր առաջ էին գյուղ վերադարձել։
Խրամորթցիներին հատկապես տագնապի էր մատնել այն, որ ադրբեջանական կողմն իրենց դիրքերին զինտեխնիկա էր մոտեցրել: Մարտին գյուղում ռուս խաղաղապահները մշտական հենակետ տեղակայեցին, դրանից հետո, ըստ գյուղապետի, լուրջ միջադեպեր չէին գրանցվում։
«Ազատությանը» առայժմ չի հաջողվել կապ հաստատել փառուխցիների հետ։ Այստեղ 44-օրյա պատերազմից հետո միայն մի քանի տղամարդիկ էին մնացել։ Առայժմ հստակ չէ, թե ինչ իրավիճակ է այս գյուղում, որտեղ ադրբեջանցիները խախտել են շփման գիծը։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդեցին, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են:
«Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է, հայտնում են արցախի կառավարությանը ենթակայությամբ գործող տեղեկատվական շտաբից», - ասված է հաղորդագրությունում։