Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր», - հաղորդում է շտաբը:
Այսօր օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Արցախի տեղեկատվական շտաբից փոխանցել էին, որ Պաշտպանության բանակի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Խրամորը սահմանային է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Աղդամի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։
Խրամորթում իրավիճակը լարված է փետրվարից։