Մատչելիության հղումներ

Դանիլով. «Ուկրաինայի վրա Բելառուսի հարձակումն այդ երկրի համար աղետ կլինի»


Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, Կիև, 21-ը մարտի, 2022թ.
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, Կիև, 21-ը մարտի, 2022թ.

Մարտի 22-ն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի 27-րդ օրն է:

Ռուսները կտրականապես հրաժարվում են կիրառել «պատերազմ» եզրույթը և պնդում են, թե Ուկրաինայում Դոնբասի և Լուգանսկի այսպես կոչված «ժողովրդական հանրապետությունների» միլիցիան Ռուսաստանի զինված ուժերի օգնությամբ իրականացնում է «հատուկ ռազմական օպերացիա», որի նպատակն է Ուկրաինայի «ապառազմականացումը» և «դենացիֆիկացումը»:

«Պատերազմ» է, թե «օպերացիա»՝ տարբերությունը մեծ նշանակություն չունի, այն մահաբեր է և արյունալի:

Ռուսաստանի միակ դաշնակիցն այս արշավում այսօր Բելառուսն է, որի տարածքում տեղակայված են ռուսական ստորաբաժանումներ և որտեղից Ուկրաինայի ուղղությամբ արձակվել են հրթիռներ:

Եվ այնուամենայնիվ Բելառուսը, առնվազն այսօրվա դրությամբ, չի ցանկանում բացահայտ ներքաշվել հարևան Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեջ:

Մինչդեռ փորձագետները դրա հնարավորությունը չեն բացառում: Գուցեև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար տեսնել, թե ինչպես են հյուսիսից բելառուսական ստորաբաժանումները հատում սահմանը և խորանում Ուկրաինայի տարածք, գուցեև Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ գրեթե ամենօրյա զրույցներում նա հասկանալ է տալիս, որ դա մեծ խթան կդառնար և կօգներ ավելի արագ ավարտել «հատուկ օպերացիան»:

Համենայն դեպս, այսօր նման բան չկա: Բայց ի՞նչ կլինի այն դեպքում, եթե Լուկաշենկոն չդիմանա Կրեմլի գործադրած ճնշուներին և համարձակվի ներխուժել Ուկրաինա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ համատեղ ծրագրեր պատրաստող "Настоящее время" հեռուստակայանին տված հարցազրույցում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, որ Կիևն ուշադրությամբ հետևում է Մինսկի կեցվածքին:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինան առայժմ պատասխան միջոցների չի դիմում` չնայած այն հանգամանքին, որ ռուսական զորքը Բելառուսի տարածքում է, որտեղից հրթիռային հարվածներ է հասցնում ուկրաինական թիրախներին, բայց եթե լոկ մեկ բելառուսցի զինվոր հատի սահմանը․ բելառուսական բանակը, Դանիլովի պնդմամբ, «կոչնչացվի»:

«Մենք ունենք անհրաժեշտ տեղեկատվություն, գիտենք, որ Պուտինը ճնշում է բանեցնում, բայց Լուկաշենկոն խելացի մարդ է և հասկանում է, թե ինչով դա կավարտվի: Դա աղետ կլինի Բելառուսի համար, դա նրան պետք չէ, դա Բելառուսի ժողովրդին պետք չէ: Նրանք տեսնում են այս պատերազմի կադրերը և գիտեն, որ դա իրենց երկրի շահերից չի բխում, դա միայն Պուտինին է պետք», - ասել է Դանիլովը:

Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի այսօրվա ռեժիմի ջանքերով Եվրոպայում արդեն սկսվել է Երրորդ աշխարհամարտը:

«Եվ չարաչար սխալվում է նա, ով մտածում է, թե պատերազմն իրեն չի հասնի: Նման կերպ մտածողները չեն պատկերացնում, թե ինչ կարող է լինել, ինչ կարող է պատահել իրենց երկրների տարածքներում», - ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը:

Ալեքսեյ Դանիլովի համոզմամբ՝ եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, նրա ագրեսիայի մյուս թիրախը կդառնան բալթյան երեք հանրապետությունները, Լեհաստանը և ՆԱՏՕ-ին անդամակցած այն երկրները, որոնք նախկինում սոցիալիստական ճամբարում էին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG