Մատչելիության հղումներ

Բայդենը ժամանեց Եվրոպա՝ բանակցելու ՆԱՏՕ-ի, ԵՄ և Մեծ յոթնյակի առաջնորդների հետ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանում է Բրյուսել, 23-ը մարտի, 2022թ․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանում է Բրյուսել, 23-ը մարտի, 2022թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Եվրոպա՝ հուսալով, որ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ դեմ առ դեմ բանակցությունները կտան այն արդյունքը, որին մինչ այժմ չի հաջողվել հասնել վիրտուալ դիվանագիտության միջոցով, այն է՝ վերջ դնել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը:

Սպիտակ տունը գիտակցում է, որ այս ճակատագրական ճամփորդության նպատակը շատ կարճ ժամանակում մեծ արդյունքի հասնելն է։ Բայդենը այսօր Բրյուսելում կմասնակցի Ռուսաստանի հարցով կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին ուղևորությունից առաջ հայտնել է, որ Բայդենը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվերահաստատի դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։

«Այնուհետև նա կմասնակցի Եվրոպական խորհրդի առաջիկա գագաթնաժողովին՝ քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ մեր ընդհանուր մտահոգությունները, ներառյալ՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու տրանսատլանտյան ջանքերը, ինչպես նաև՝ բռնությունից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու և ներկայիս հակամարտության հետ կապված այլ մարտահրավերների լուծմանն առնչվող հարցեր: Ավելի ուշ նա կմասնակցի Գերմանիայի նախաձեռնած՝ Մեծ յոթնյակի երկրների հանդիպմանը, մեր դաշնակիցների և գործընկերների հետ քննարկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքները, որը Ռուսաստանի իսկ նախընտրած պատերազմի արդյունքն է», - մանրամասնել է Սպիտակ տան խոսնակը։

Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելուց բացի, ԱՄՆ-ը Ուկրաինային նաև 13,6 միլիարդ դոլարի ռազմական և հումանիտար օգնություն է տրամադրել:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր Վաշինգտոնին՝ Ուկրաինան ոչ թռիչքային գոտի ճանաչելու խնդրանքով, բայց՝ ապարդյուն։

Զելենսկին բազմիցս է զգուշացրել, որ Պուտինը կանգ չի առնի ու չի սահմանափակվի միայն Ուկրաինայով։ Վերջերս ռուսական օդուժը թիրախավորել էր Լվով քաղաքը, որը Լեհաստանի հետ սահմանից ընդամենը 80 կիլոմետր է հեռու․ - «Հաջորդը թիրախները լինելու են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, Վրաստանը, Լեհաստանը: Այնուհետև նրանք քայլելով կհասնեն Բեռլինի պատին»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս այցելել էր Բալթյան երկրներ՝ ծանոթանալու այդ պետությունների մտահոգություններին: Լատվիայի փոխվարչապետը և պաշտպանության նախարարը «Ամերիկայի ձայն»-ին հայտնել էին, որ Ուկրաինայի հարևանությամբ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են որոշ հիմնարար փոփոխություններ տեսնել տարածաշրջանում:

Ըստ Լատվիայի արտգործնախարարի Էդգարս Ռինկևիչսի՝ Արևելյան Եվրոպան չի տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների մոտալուտ ավարտը:

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան միանշանակ այն երկիրն է, որն ինքը պետք է որոշի, թե ինչպիսի համաձայնագիր է ուզում ստորագրել՝ առանց վերջնաժամկետների, առանց իր վրա ճնշումների։ Քանի որ Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա, մենք պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իր ինքնիշխանությունը, այլ ոչ թե փորձենք պարտադրել ինչ-որ լուծում, որը դեմ կլինի Ուկրաինայի շահերին։ Այդ տեսանկյունից ես ոչ չափից ավելի լավատես եմ, ոչ էլ՝ հոռետես, ես ցանկանում եմ իրատես լինել։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ է հարկավոր», - ասել է Ռինկևիչսը։

Բայց վերլուծաբանները հարցականի տակ են դնում ՆԱՏՕ-ի և մյուս երկրների առաջնորդների հանդիպումների արդյունավետությունը, քանի որ քննարկումներին չեն մասնակցում Ուկրաինան և Ռուսաստանը: Հեղինակավոր Chatham House վերլուծական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փորձագետ Ջեյմս Նիքսին նկատում է. - «Ցավոք, ես չեմ տեսնում այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից: Պատճառն այն է, որ Ռուսաստանի հիմնական նպատակն է ամեն կերպ խոչընդոտել Ուկրաինայի արևտամետ երկիր դառնալուն: Եվ եթե դա Ռուսաստանի նպատակն է, իսկ Ուկրաինայի բաղձալի երազանքը ավելի արևմտյան ու ավելի արևմտամետ լինելն է, ապա ՆԱՏՕ-ն ոչինչ չի կարող անել այդ խնդիրը լուծելու համար»:

Ուրբաթ օրը Բրյուսելում կայանալիք հանդիպումներից հետո Բայդենը կմեկնի Լեհաստան։

XS
SM
MD
LG