Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որպեսզի զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, այդ թվում՝ սպաները ևս հնարավորություն ունենան պետական բյուջեի հաշվին բարձրագույն կրություն ստանալ։
«Գործող օրենքում սահմանվում է, որ եթե պարտադիր ժամկետային զինծառայողը մարտական խնդիրը կատարելիս 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն է ստանում, ապա օգտվում է անվճար կրության իրավունքից։ Բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտական առաջադրանք լուծում են նաև պայմանագրային զինծառայողները, այդ թվում՝ սպաները, ապա տրամաբանությունն այն է, որ միևնույն հավասար պայմաններում գտնվող բոլոր շահառուները պետք է օգտվեն անվճար կրթության իրավունքից։ Այն, ինչ վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին, ապա նույն հիմքով պետք է վերաբերի նաև պայմանագրային անձնակազմին, այդ թվում՝ սպայակազմին», - ասաց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանի առաջարկած երկրորդ փոփոխությունը վերաբերում է՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած սպաներին։ Շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Այսինքն, այդ պահից սկսած վերջիններս կարող են այլևս չերկարաձգել իրենց պայմանագրերը և հաշվառվել պահեստազորում:
Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն և ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում, ասում է նախաձեռնության հեղինակը։
«Պատկերացրեք իրավիճակ, որ նրանք 37-38 տարեկանում արդեն գնում են թոշակի, որովհետև 20-ամյա ժամկետը ավարտվում է, և մտնում են քաղաքացիական կյանք, որտեղ ունեն բակալավրի աստիճան, բայց ստացել են ռազմական մասնագիտություն, և անհրաժեշտ է լինում քաղաքացիական կյանքին ադապտացվելու, իրենց ընտանիքի սոցիալ-կենցաղային նորմալ պայմաններ ապահովելու համար շատ ժամանակ նրանք գնում են բարձրագույն կրթություն, այս դեպքում մագիստրատուրա ստանալու և, բնականաբար, պետությունը շահագրգիռ լինելով ընդհանրապես զինվորական մասնագիտության գրավչության բարձրացմանը և սպայական ծառայություն անցած մեր զինծառայողների հետագա կյանքի բարվոք պայմանների ապահովմանը, մենք առաջարկում ենք ապահովել նրանց համապատասխան բարձրագույն կրթությամբ՝ անվճար, որպեսզի նրանք կարողանան ընդհանուր աշխատաշուկայում լինեն մրցունակ», - նշեց Աբրահամյանը։
Այս նախագիծը առայժմ լիագումար նիստերի օրակարգ դեռ չի ընդգրկվել, նախագծի վերաբերյալ ստացած առաջարկների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։