Այսօր հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ սերժանտ Հրաչ Մանասարյանը: Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկացրեց՝ ժամը 12:40-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, երկու հայ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:
Հրաչ Մանասարյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Շատ լավ ընտանիք են, համեստ, աշխատող, իրանց հույսով ապրող ընտանիք են», - ասաց Ակներ համայնքի վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը:
Զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Ակներ գյուղից էր, համայնքապետ Մինասյանը պատմեց՝ կնոջ ու երկու փոքրիկների հետ ապրում էր Վեդիում: 5 տարի է՝ Հրաչ Մանասարյանը պայմանագրային զինծառայության էր անցել, մասնակցել է նաև 44 -օրյա պատերազմին։
Պաշտոնական Բաքուն հերքում է՝ «սուտ է և իրականությանը չի համապատասխանում», հայտարարում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, նույն գերատեսչությունն այսօր ավելի վաղ տարածել էր, թե հայկական կողմը մեկ օրում 24 անգամ կրակել է Թերթերի, Աղդամի, Գերանբոյի, Խոջալուի ու Քելբաջարի ուղղություններով:
«Բասարկեչարի Զարքենդից են կրակել»,-հայտարարում է պաշտոնական Բաքուն:
Սա Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղն է: Ոչ մի կրակոց, ասում է խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Երեկվա դրությամբ մեր մոտ հանգիստ է անցել, ոչ մի սահմանային միջադեպ կամ կրակոց չի լսվել, չենք ունեցել», - ասաց համայնքի ղեկավարը:
Ադրբեջանից տարածվող տեղեկատվությունը հերքեց նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը, շեշտելով, Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում։
Այսօր Բաքվում Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է խորհրդակցություն անցկացրել, հանձնարարել է համարժեք պատասխան տալ՝ «ադրբեջանական ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին»։
Իսկ ադրբեջանական կրակոցները չեն լռում նաև Արցախի սահմանային գյուղերում, սա երեկ էր Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: «Ադրբեջանական կողմը լռեց միայն մեր պատասխանից հետո», -ասում է համայնքապետ Զորիկ Աբրահամյանը: Հետո գյուղ՝ բանակցությունների են եկել ռուս խաղաղապահները:
«Ես զանգել եմ խաղաղապահների հրամանատարին, հրամանատարը տղաներին ուղարկել ա, երկու հատ BTR-ով եկել են գյուղ, ամբողջ սահմանի երկայնքով շրջանցել են, խաղաղապահների հրամանատարությունը եկել, Ադրբեջանի հրամանատարությունը սահմանին բանակցություններ են վարել», - ներկայացրեց Աբրահամյանը:
Ադրբեջանն այս դեպքում էլ է հայտարարում, թե իրենց հենակետերն են թիրախավորվել «Ադրբեջանի տարածքում տեղակայված հայկական զինված խմբավորումները»
Խրամորթն այսօր էլ ադրբեջանցիների թիրախում եղել, կրակել են օրվա երկրորդ կեսից սկսած:
Ադրբեջանական կողմը շաբաթներ առաջ գյուղի այգիներում աշխատող արցախցիների ուղղությամբ կրակեց, հետո սկսեցին հայերենով ձայնագրված սպառնալիքներ հնչեցնել, թե հեռացեք եթե մտածում եք ձեր անվտանգության մասին: Խրամորթցիներն, ըստ գյուղապետի, հիմա զգուշանում են ադրբեջանական հենակետից մոտ 100 մետրի վրա գտնվող իրենց այգիները մտնել:
«Վարչական տարածքում այգիներում աշխատում են, նախապատրաստական աշխատանքներ են տեսնում գարնանացանի համար», - նշեց Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:
Թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները այս ամենին զուգահեռ շատ ակտիվ խոսում են խաղաղության պայմանագրի մասին:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր թարմ տեսանյութ են տարածել՝ գոհունակությամբ ազդարարելով, որ Շուշիում հնչող ադրբեջանական երաժշտությունը շատ պարզ լսում են Ստեփանակերտում։ Միայն մուղամ չէ, Ադրբեջանի հիմնն էլ է հնչում և բազմազանության համար հատվածներ «Քյոռօղլի» օպերայից: