Մատչելիության հղումներ

Ընդդիմությունն առաջարկում է քրեորեն պատժելի դարձնել ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու հայտարարությունները


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեորեն պատժել նրանց, ովքեր Հայաստանի ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ կանեն, հրապարակային կարդարացնեն ու կքարոզեն դա։ Պատգամավոր Արամ Վարդևանյանի հիմնավորմամբ՝ օրենսդրական նախագծի անհրաժեշտությունը ծագել է 44-օրյա պատերազմից հետո, երբ հայաստանյան պաշտոնյաներն իրարամերժ հայտարարություններ են անում:

«Կարծում եմ` պաշտոնատար անձինք առավել ևս նման արտահայտություններ թույլ չեն տա», - նշեց նա:

Նույն նախագծով առաջարկվում է քրեորեն պատժելի դարձնել նաև Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները։ Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող արտահայտությունների կոնկրետ օրինակներ չնշեց։

Իշխանական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային հայտարարությունը Հայաստանի` Միութենական պետությանը միանալու մասին։

«Եթե դու գնում ես այս տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, քո համբավը վերականգնելու և այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, ուրեմն պետք է լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակներում», - ասել էր երկրորդ նախագահը։

Արդյոք երկրորդ նախագահի այս խոսքերը Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը կասկածի տակ դնող հայտարարություն չէ։ Քոչարյանի թիմակցի կարծիքով՝ խոսքն ընդամենը ինտեգրացիայի մասին է, Ռուսաստանի գլխավորությամբ միությունն էլ նա համեմատեց Եվրամիության հետ։

«Հանրապետության երկրորդ նախագահի կողմից ներկայացրած դիրքորոշումը ուղիղ համեմատականն էր նույն Եվրոպայի միության ձևաչափի շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսների, Եվրոպայի միության անդամ երկրները իրենց անկախությունից հրաժարվե՞լ են», - շեշտեց Արամ Վարդևանյանը:

Մինչև լիագումար նիստը նախագիծը քննարկվել է Պետաիրավական հանձնաժողովում, ու իշխանությունը բացասական եզարակցություն է տվել` հիմնավորելով, որ Հայաստանի քրեական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է պատիժ Հայաստանի ամբողջականությանը սպառնացող կոչերի ու ոտնձգության համար։

Ընդդիմության կարծիքով` միայն կոչերը քիչ են, պետք է կարծիքն ու քարոզն էլ պատժվի։ Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը մեկնաբանեց, որ այդպիսով կսահմանափակվի խոսքի ազատությունը. «Տեղին է հիշատակել, որ խոսքի ազատության իրավունքի ոչ արդարացված սահմանափակումը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան չարաշահումը»:

«Հենց սա այն հարցերից է, որ այո, կարելի է խոսքի ազատությունը իրավաչափորեն սահմանափակել, բայց նույն այս իշխանությունները, խոսքի ազատությունը բարձրաձայնելով, քրեականացրել են ծանր վիրավորանքը», - ասաց Վարդևանյանը:

«Հայաստան» խմբակցության նախագծի հասցեատերը միայն հայաստանյան պաշտոնյաները չեն։ Առաջարկում են քրեորեն հետապնդել ադրբեջանցի պաշտոնյաներին, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարություններ կանեն։ Իսկ դրանից ի՞նչ կշահի Հայաստանը։ Ըստ Արամ Վարդևանյանի` Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է, ու օրենսդրական փոփոխությունը մի օր արդյունք կտա։

«Ես ունեմ այն համոզմունքը, որ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ փաստացի պետություն հանդիսացող նույնօրինակ Ադրբեջանի դեպքում չի կարող այդ անգործությունը եվրոպական հանրույթի կողմից շարունակական լինել», - նկատեց նա:

Արամ Վարդևանյանը նախագիծը ներկայացնելիս օրենքի ընդունումը հատկապես կարեւորում էր Հայաստանի հակառակորդներին զսպելու տեսանկյունից։ Իշխող խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը համաձայն էր միայն այս մասով նախագիծը քննարկել, իսկ նրա թիմակից Վահագն Հովակիմյանը դեմ էր, քանի որ հակառակորդի մեջբերումները մամուլում կարող են որակվել որպես քարոզչություն, և լրատվամիջոցներն ակամա դառնան թիրախ։ Հովակիմյանը կոչ արեց դեմ քվեարկել ընդդիմության այս նախագծին։

Իշխանական ու ընդդիմադիր կողմերը բորբոքվեցին։ Մոռացան հակառակորդից սպառնացող վտանգների մասին և սկսեցին փոխադարձ մեղադրանքները, թե Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները՝ ինչ են արել Հայաստանի ու Արցախի ամբողջականության դեմ։

«2002թ. Ռոբերտ Քոչարյանը, այո, համաձայնել է ու առաջարկել է փոխանակել Մեղրին` Հայաստանի Հանրապետությանս սուվերեն տարածքը, ՀՀ ինքնիշխան տարածքը», - ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «3 տարի առաջ, սիրելի՛ հայրենակից, կմտածեի՞ր, որ Ազգային ժողովի դահլիճից ԱԺ պատգամավորը իրեն կարող է թույլ տալ կասկածի տակ դնել Արցախի ինքնիշխանությունը»:

Նախագիծը քննարկումն այսօր ավարտվեց, վաղը կդրվի քվեարկության։ Դրանով նախատեսվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը, քարոզելը պատժել մինչև 2 միլիոն դրամ տուգանքով կամ մինչև չորս տարվա ազատազրկմամբ, իսկ Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային արտահայտությունների համար տուգանել մինչև 3 միլիոն դրամով կամ մինչև 5 տարվա ազատազրկմամբ։

XS
SM
MD
LG