Մատչելիության հղումներ

Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին հայտարարության նախագիծը չընդունվեց


Ազգային ժողովն այսօր հրատապ նիստում քննարկեց Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցը։ Մեկուկես ժամ փակ ռեժիմով քննարկումից հետո իշխանությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի ադրբեջանական ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված հումանիտար աղետը դատապարտող հայտարարության նախագծի քվեարկությանը:

Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով հայտարարեց, որ նախագծում նշված կետերի հետ համաձայն են, ապա փորձեց բացատրել, թե ինչու չնայած դրան, արգելափակում են ընդդիմության հեղինակած հայտարարության ընդունումը:

«Մենք կիսում ենք այդ դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ, ավելին ասեմ` թե ՀՀ վարչապետի, թե Արտգործնախարարության և կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այս բոլոր հարցերով, որոնք դուք այստեղ ներկայցրել ենք` հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով, բոլոր օղակներում մենք գետնի վրա և միջազգային կառույցներում օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք: Այս հարցի ժամանակը այդ գործիքակազմը օգտագործելու գուցե ինչ-որ պահի կգա, և մենք միասին կքննարկենք և կընդունենք», - ասաց նա:

Միայն ընդդիմադիր խմբակցությունների 30 կողմ ձայնը բավարար չեղավ նախագիծը ընդունելու համար։ Նիստի ավարտին իշխանական պատգամավորները հրաժարվեցին պատասխանել լրագրողներին հարցերին։

Նախագծի հիմնական զեկուցող, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց՝ իշխանության դիրքորոշման իրական պատճառն այն էր, որ նրանք ավելի մեղմ ձևակերպումների կողմնակից էին. «Իշխանությունը փորձում է հայկական շահի մեջ իր չտեղավորելը հիմնավորել փափուկ ձևակերպումներով, որը, ըստ իրենց, նպատակ ունի որոշակիորեն կանխելու հնարավոր այլ լարվածության փուլերը»:

Չնայած կառավարությունից որպես հարակից զեկուցողներ ներկայացել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտգործանախարար Արարատ Միզրոյանը, ինչպեսև պահանջել էր ընդդիմությունը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց` իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները այդպես էլ չստացան, ավելին` ընդդիմության համար անհասկանալի էր` ինչու նիստը փակ անցկացվեց:

Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը փակ ձևաչափով հարցուպատասխանից տպավորություն էր ստացել, որ իշխանությունները ստեղծված ճգնաժամը լուծելու համար որևէ լուրջ ծրագիր չունեն. «Մենք ունենք երկու խնդիր` առաջինը` հասկանալու, թե ինչ է բանակցվում առհասարակ գազատարի շուրջ, որովհետև նաև կան բազմաթիվ վարկածներ, որ ադրբեջանական կողմն այդ ահաբեկչության միջոցով փորձում է ճնշում գործադրել և դրա դիմաց ստանալ այլ զիջումներ Հայաստանից կամ Արցախից կամ երկուսը միասին: Երկրորդ խնդիրն է հասկանալ, թե հնարավոր այլ ճգնաժամերի պարագայում, իսկ ճգնաժամերի հավանակությունն այսօր շատ մեծ է, քննարկվել են բոլոր հնարավոր բոլոր այն խոցելի ուղղությունները, որը կարող է Ադրբեջանն օգտագործել և նոր ճգնաժամ հրահրել, որի մասին, բնականաբար, ես հրապարակային չեմ խոսի: Եվ կարևոր էր հասկանալ` կառավարությունը, իշխանությունն ունի՞ գործիքակազմ, կատարե՞լ է ռիսկերի հաշվարկ, որպեսզի հետագայում կարողանա այդ ռիսկերը որևէ ձևով կառավարել, այս դեպքում այն է, որ իշխանությունը չունի միջոցառումների և գործողությունների ցանկ, որը ենթադրում է այս կամ այն ճգնաժամի դեպքում Արցախում ապրող մեր հայրենակիցների բեռը թեթևացնելու կամ նրանց ուղղվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»:

Ընդդիմադիրներն այս հայտարարության ընդունումը կարևորում էին նաև այն պատճառով, որ Արցախում երեկ արդեն երկրորդ անգամ խափանվեց գազամատակարարումը։ Արցախի իշխանությունները հայտարարում են, որ առաջին վթարից հետո ադրբեջանական կողմը իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող խողովակի վրա փական է դրել։

XS
SM
MD
LG