Մատչելիության հղումներ

Վարչապետը հնարավոր է առաջիկայում Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակի, բայց օրենքի ինչ կետով` հայտնի չէ


Չի բացառվում, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վարչապետը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակի՝ հաշվի առնելով, որ ավելի քան երեք ամիս չի լուծվում ընտրությունների միջոցով համայնքապետ ընտրելու հարցը։ Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամ Խաչատրյանը, սակայն չի մատնանշում, թե օրենքի որ հոդվածն է վարչապետին այդ հնարավորությունը տալիս։

«Այս պահին ուսումնասիրության փուլ է, կարծում եմ` մոտ օրերի ընթացքում արդեն պարզ կլինի», - ասաց նա:

Աղբահանություն և կոմունալ այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված եռամսյա պայմանագրերի ժամկետներն ավարտվում են ապրիլի 1-ին։ Եթե Վանաձորը մինչ այդ չունենա ղեկավար, որը լիազորված է կնքելու այդ պայմանագրերը, քաղաքը կմնա առանց մաքրման աշխատանքների։ Այս պահին խոշորացված Վանաձորի համայնքապետարանի ամենաբարձր պաշտոնյան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է։ Ավելի քան երեք ամիս առաջ ձևավորված ավագանին համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն չունի, տեղակալներ չկան, քանի որ ընտրությունների մասնակից կուսակցություններից «Լուսավորի» բողոքարկման հիմքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որով ավագանին դեռ իրավունք չունի համայնքապետի ընտրության օրակարգով նիստ գումարել։ Իսկ ավագանու ամենամեծ խմբակցության՝ «Ասլանյան դաշինքի» համայնքապետի թեկնածու, Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանն արդեն 3 ամիս կալանավայրում է պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

«Ասլանյան դաշինքից» ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը, որ նաև Վանաձորի համայնքապետարանի խնամակալության հանձնաժողովի անդամ Է, նշում է այն խնդիրները, որոնք անլուծելի են մնացել անցած 3 ամիսներին. «Հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների տարբեր գործառույթներ չեն իրականացվում քաղաքապետ չլինելու պատճառով, բազմաթիվ` առք ու վաճառքի հետ կապված, նոտարական հարցերի հետ կապված, խնամակալության հանձնաժողովը չի կարող: Արդեն իսկ ի հայտ են եկել թափաշրջիկ երեխաներ, որոնց հարցերը, ի դեպ, մենք քննարկում ենք: Մարդիկ կան, որոնք հիվանդության պատճառով ճանաչվել են անգործունակ, պետք է խնամակալության մարմինը նշանակի խնամակալ, և այդ հարցը ևս ձգձգվում է: Ֆինանսական մի շարք խնդիրներ են առաջանում դրա հետ կապված»:

Լոռու մարզպետն առանց որևէ հստակ հոդված նշելու կարծիք է հայտնում, թե հայաստանյան օրենքներն, այնուամենայնիվ, թույլ են տալիս այս աննախադեպ պայմաններում համայնքի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Շեշտում է, որ այս պահին էլ քաղաքում կարևորագույն խնդիրները լուծվում են։ Ինչ վերաբերում է քաղաքացիների չբավարարված դիմումների կուտակումներին, ապա դրանք, ըստ մարզի ղեկավարի, կլուծվեն իրավական բոլոր գործընթացների ավարտից հետո։

«Կառավարությունը` իշխանությունը երբեք թույլ չի տա, որ Վանաձոր խորոշացված համայնքում տեղի ունենա կոլապս: Մենք օրենքները չենք շրջանցի, բայց թույլ էլ չենք տա, որ Վանաձորում լինի կոլապս, մենք ուզում ենք` օր առաջ Վանաձորում լինի քաղաքապետ», - նկատեց նա:

Մինչդեռ արդեն երեք ամիս կալանավայրում գտնվող Մամիկոն Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը պնդում է՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Վանաձորում, իրավաբանության շրջանակներից դուրս է։ Ըստ նրա` համայնքապետի պաշտոնակատար նշանակվել չի կարող, երբ ավագանին ձևավորված է, իսկ մանդատներն արդեն բաշխվել են։

«Եթե դու ունես, քաղաքապետին ընտրող մարմինը ավագանին է, դու ունես այսօր գործող ավագանի, այսինքն` գործող ավագանուն ասես` դու համայնքի ղեկավար չընտրես, որպեսզի իշխանության, չգիտեմ, որ մարմնով նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ ցանկալի կլիներ` այդ հարցերը ուղարկվեին, ասեն` ով է նշանակելու ԺՊ` առողջապահության նախարա՞րը, թե՞ քաղաքաշինության նախարարը», - շեշտեց Ոսկանյանը:

«Ասլանյան դաշինքը» վաղը ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել։ Օրակարգում ավագանու կանոնակարգն ընդունելու մասին որոշման նախագիծն է։ Մինչդեռ Արդարադատության նախարարությունից համայնքապետարանի աշխատակազմի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ հայաստանյան օրենքներով սահմանված չեն՝ արդյոք ավագանու արտահերթ նիստերը կարող են կայացած համարվել, քանի դեռ համայնքը ղեկավար չունի։ ՏԻՄ օրենքը նախատեսում է, որ ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա բացառապես համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով։ Նմանատիպ մի արտահերթ նիստ հունվարի 24-ին էր անցկացվել։ Բայց այս դեպքում որևէ մեկը պատասխան չունի՝ այդ նիստը համարվե՞լ է կայացած, թե՞ ոչ։ Վաղվա արտահերթն, ամենայն հավանականությամբ, չի կայանա, քանի որ համայնքապետարանի աշխատակազմը որոշել է չկազմակերպել այն։ Այս մասին տեղեկացրել են ավագանու բոլոր 4 խմբակցություններին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG