Մատչելիության հղումներ

Դատական գործընթացներին մասնակցելու համար Վանաձորի ավագանին ընտրեց լիազոր ներկայացուցիչ


Այսօր Վանաձորում դեկտեմբերի ընտրություններից հետո առաջին անգամ ավագանու նիստ տեղի ունեցավ. 33 անդամներից 18-ն էր ներկա։

Դատական գործընթացներին մասնակցելու համար ավագանու լիազոր ներկայացուցիչ ընտրեցին՝ 5 խմբակցություններից երկուսի բոյկոտի պայմաններում։

Ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի և դրան սատարող «Հայրենիք» խմբակցության 16 անդամները կողմ էին, «Ապրելու երկիր» խմբակցության երկու անդամները դեմ, որպեսզի փաստաբան Արտակ Ոսկանյանը վարչական դատարանում ավագանու շահերը պաշտպանելու համար լիազոր ներկայացուցիչ ընտրվի։

Նիստը նախաձեռնած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի նախապես կազմած նախագիծն ընդունվեց ներկաների մեծամասնության ձայներով։

Արտակ Ոսկանյանը նաև ավելի քան մեկ ամիս կալանքի տակ գտնվող նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փաստաբանն է։ Արդյո՞ք, շահերի բախում չկա՝ մի կողմից դատարաններում պաշտպանելու է ավագանու մեկ դաշինքի անդամի, մյուս կողմից 5 քաղաքական ուժերից կազմված ավագանու շահերը։ Ոսկանյանը համարում է, թե դրանք միմյանց խանգարել չեն կարող։

Հայաստանյան օրենսդրությամբ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նիստում կարող է քննարկվել միայն մեկ հարց՝ համայնքապետի ընտրության հարցը։ Բայց վարչական դատարանն ավագանուն դեռ անցած տարեվերջին արգելել էր համայնքի ղեկավարի ընտրություն անցկացնել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարաններում վիճարկում է ավագանիում իրենց մանդատ ունենալու իրավունքը։ Առաջիկայում վարչական դատարանը քննելու է նիստերի արգելքը վերացնելու հարցը։

Հենց այդ նիստին մասնակցելու իրավունք ստացավ կալանավորված Մամիկոն Ասլանյանի փաստաբանը՝ որպես ավագանու շահերի պաշտպան. - «Տվյալ դեպքում ես գտնում եմ, որ ավագանու կողմից նշված օրակարգով նիստի անցկացումը իրավաչափ է։ Դա բխում է առաջին հերթին Սահմանադրության պահանջներից։ Ավագանին հանդիսանում է պատասխանող, բայց չի կարողանում օգտվել Սահմանադրությամբ ու կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից»։

Թեև մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններով ձևավորվել է համայնքի ավագանին, բայց Վանաձորը դեռևս ղեկավար չունի։ Այսօրվա նիստը նախաձեռնած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամները կարծում են, որ լիազոր ներկայացուցչի ներկայությունը դատարանում կարևոր է։

«Էս պահին կարող եմ ուղղակի արձանագրել, որ Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարում լիարժեք չի իրականացվում։ Ես համարում եմ, որ լոկալ սահմանադրական ճգնաժամ է նաև Վանաձոր համայնքում։ Մեր էսօրվա գործողությունը միտված էր ճգնաժամից հանել համայնքը», - ասաց ավագանու անդամ Արթուր Օհանյանը։

«Քաղաքացիական պայմանագիրն» ու Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն (ՀԱՍԿ) այսօրվա նիստին չէին մասնակցում։ Թեև իշխող կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը երկու օր առաջ «Ազատությանն» ասել էր, որ լիազոր ներկայացուցչի ընտրության հարցով նիստին իրենց մասնակցության մեջ խնդիր չի տեսնում, այսօր արդեն նիստից հետո ասաց, թե խմբակցությունը երեկ քննարկել ու ոչ նպատակահարմար է համարել իրենց ներկայությունը։

Նրա պնդմամբ, նիստում, որն ինքը շոու որակեց, ոչ մի հարց չի լուծվել. - «Համենայն դեպս, ստեղծված իրավիճակում դա մեր քաղաքին, խոշորացված համայնքին ոչինչ չտվող ավագանու նիստ ա տեղի ունեցել։ Մեր քաղաքացիների սպասելիքները այլ են։ Մենք նմանատիպ շոուներին չենք մասնակցում։ Ես շատ լավ հասկանում եմ, հիմա չեմ ուզում դրա մասին բարձրաձայնեմ, թե սա ինչ նպատակ է հետապնդում»։

Ավագանու նիստը բոյկոտած մյուս խմբակցությունը՝ ՀԱՍԿ-ը Վանաձորի համայնքապետի նախկին տեղակալ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, կոնկրետ բացատրություն չի տալիս, թե իրենց 5 անդամներն ինչու են որոշել չմասնակցել։

Լոռու մարզպետը պնդում է, թե իրենք ՀԱՍԿ խմբակցության հետ նիստին չներկայանալու մասին պայմանավորվածություն չեն ունեցել։

Ուշագրավ է, որ դեռ նախընտրական շրջանում Վանաձորում լուրեր էին շրջանառվում, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Մամիկոն Ասլանյանի նախկին տեղակալ Արկադի Փելեշյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագործակցում են ու քաղաքական պայմանավորվածություններ ունեն, ինչը, սակայն, Լոռու մարզպետը համառորեն հերքում էր։

Այսօրվա նիստին մասնակցած «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արտավազդ Ալավերդյանը նախօրեին «Ազատության» հետ զրույցում կասկած էր հայտնել, թե համայնքի ղեկավարի ընտրությունից բացի այլ հարց քննարկելով օրենք կխախտեն, միաժամանակ նշել էր, որ կգնան նիստին։ Այսօր հենց նրանց երկու անդամի ներկայությամբ քվորում ապահովվեց ու նիստը կայացավ. - «Ապրելու երկիր» կուսակցությունը այս քայլով ցույց է տալիս, որ ոչ մի պարագայում, եթե չկա օրինական սահմանափակումներ, մենք նիստերը չենք խոչընդոտելու։ Իսկ ինչ վերաբերում է մեր մոտեցմանը, մենք դեմ ենք, որովհետև մենք համարում ենք, որ... Տեսեք, նախաձեռնությունը մի քաղաքական ուժի կողմից է, և թեկնածուն լիազորված նույնպես մի քաղաքական ուժի կողմից է, և վստահ չենք, որ անկողմնակալ պաշտպանություն է լինելու»։

Ավագանի անցած կուսակցությունները վերջին շրջանում հավանական էին համարում, որ համայնքի ղեկավարի պաշտոնում Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը չսատարող 3 ուժերը կարող են բոյկոտել ավագանու նիստերը, լուծարել ավագանին ու նոր ընտրությունների գնալ։ Մինչդեռ այսօրվա նիստից դատելով՝ կարելի է ենթադրել, որ բոյկոտի հնարավոր է գնան 5 խմբակցություններից միայն երկուսը։

XS
SM
MD
LG