Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանական խմբի բողոքը։ Փաստաբան Արտակ Ոսկանյանը Ասլանյանին կալանքի տակ պահելու որոշումն ապօրինի է գնահատում։
«Դատարանը որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միձոց ընտրել կալանավորումը, որի դեմ մենք ներկայացրել ենք վերաքննիչ բողոք, որպեսզի դատարանի այդ ակնհայտ անհիմն և ապօրինի որոշումը բեկանվի, և Մամիկոն Ասլանյանը ազատվեր կալանքից: Դատարանը մերժեց մեր բողոքը, ինչը բոլորիս համար սպասելի էր», - ասաց նա:
Պաշտպանի պնդմամբ՝ Մամիկոն Ասլանյանին անազատության մեջ պահելու հիմնավոր կասկած չկա. «Չափազանց մանրամասն ներկայացրել ենք, որ հիմնավոր կասկածը բացակայում է»:
Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց անցած տարի` դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։
Նորընտիր ավագանին երկու շաբաթ անց պետք է քաղաքապետ ընտրեր։ Ու այս ընտրություններից օրեր առաջ Ասլանյանը կալանավորվեց։ «Ասլանյան դաշինքը», որ 15 մանդատ է ստացել, նրա թեկնածությունն էր առաջադրելու, 2 մանդատ ստացած «Հայրենիք» կուսակցությունը սատարելու էր նրա թեկնածությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացած քվեներով երկրորդ տեղում էր։ 17 քվեն բավարար էր, որ Ասլանյանն ընտրվեր քաղաքապետ։
Պաշտպանները պնդում են, որ ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանին կալանավորելը քաղաքական նկատառումներով է, նրա ընտրվելու գործընթացը խափանելու նպատակով. «Բոլորն էլ գիտեն, որ ընտրություններում քանի որ Մամիկոն Ասլանյանը տվյալ դեպքում ավագանիում ստացել է 15 մանդատ, և ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրվելու համար անհրաժեշտ է 17 ձայն, և 17 ձայն, այսինքն` նաև «Հայրենիք» կուսակցությունը բացահայտ հայտարարել է իր դիրքորոշումը, որ նրանք պետք է սատարեն Մամիկոն Ասլանյանին, այսինքն` ավագանու նիստ կայանալու դեպքում Մամիկոն Ասլանյանը ընտրվելու էր Վանաձոր համայնքի ղեկավար»:
Քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել ընտրություններում ամենաաշատ ձայներ ստացած քաղաքական ուժի առաջնորդին, հարուցվել է անցած տարվա սեպտեմբերի 14-ին, սակայն Ասլանյանին կալանավորելու որոշում կայացվեց ընտրությունների արդյունքները ամփոփելուց տասն օր անց։
Մեկ ամիս է՝ Վանաձորում արտակարգ իրավիճակ է, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը ընտրություններից մեկ ամիս անց ղեկավար չունի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկում է քվերակության արդյունքները, պահանջում, որ վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները վերահաշվարկեն ԼՀԿ-ի օգտին, որ իրենք էլ ավագանի անցնեն։ Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները մերժել են ԼՀԿ-ի հայցը։ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է հասնել Վճռաբեկ դատարան։ Մինչ ԼՀԿ-ի հայցի քննության վերջնական ավարտն դատարանը արգելում է նորընտիր ավագանու նիստեր անցկացնել։ Մինչև փետրվարի սկիզբ նիստեր անելու հնարավորություն չկա։