Մատչելիության հղումներ

Գազամատակարարումն Արցախում դեռ վերականգնված չէ


Եթե ոչ այսօր, ապա մոտ օրերս Արցախում կվերականգնվի գազամատակարարումը, կարծում է Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը։

Հարությունյանի տեղեկություններով, ադրբեջանական կողմն այս պահին իրականացնում է գազատարի վերականգնումը։ Նա նաև ասաց, որ աշխատանքների ավարտից հետո միայն հայ մասնագետները կարող են մոտենալ վնասված գազատարին։ Խողովակն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի-Լիսագոր հատվածում է։

«Հայկական կողմի մասնագետները կժամանեն տվյալ տարածք, ստուգեն, թե ամեն ինչ նորմալ է, համապատասխան գործողությունները կատարեն, որ որևէ բացթողումներ կամ թերի աշխատանք չկա, այնուհետև արդեն հնարավոր կլինի շահագործել», - ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորը։

Արդեն 10-րդ օրն է Արցախում գազ չկա։ Արցախի տեղեկատվական շտաբից երեկ հայտնեցին՝ սկսվել են գազի վնասված խողովակի վերանորոգման աշխատանքները։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ կարճ ժամկետներում գազը կվերականգնվի։ Թե կոնկրետ ե՞րբ, Արցախի կառավարությունից դեռ չեն հստակեցնում։

«Պարզ չէ, թե երբ կվերականգնվի գազամատակարարումը», - ասում է Արցախի պետնախարարի խոսնակ Սամվել Բաբայանը։

«Արցախգազի» վթարային ծառայությունում էլ դեռ տեղյակ չեն, թե կոնկրետ երբ կվերականգնվի գազամատակարարումը։ Ծառայությունում զանգերն արդեն երկրորդ շաբաթն է չեն դադարում, րոպե չկա, որ հեռախոսը լռի, ասում է «Արցախգազի» աշխատակիցը։ Զանգերի ինտենսիվությունն այսօր արդեն ավելացել է, քաղաքացիների մեծ մասն անհամբեր է՝ գիտեն, որ սկսվել է խողովակի նորոգման աշխատանքները։

Ստեփանակերտում դեռ ճշգրիտ պատասխան չունեն՝ գազատարը վթարվե՞լ, թե՞ միտումնավոր է վնասվել։ Այս ընթացքում գազատարին մոտենալ հայ մասնագետներին չի հաջողվել։ Դրա համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ էին տարվում։ Երեկ հայտնի դարձավ, որ բանակցությունները ընթացել են Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ։

Պաշտոնական տվյալներով, մոտ 100 հազար բնակչություն ունեցող Արցախում 80 տոկոսը բնական գազից է օգտվում։ Կապույտ վառելիքով են ջեռուցվում հիվանդանոցների մեծ մասը, դպրոցները, մանկապարտեզները, արտադրամասերը։

Մեծ գործարանները դադարեցրել են աշխատանքը, ասում է արցախցի պատգամավորը, քանի որ հնարավոր չէ այդ ծավալների էլեկտրականությամբ ապահովել նրանց։ Արցախում էլեկտրականություն արտադրող ՀԷԿ-երի զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, շեշտակի նվազել է էլեկտրաէներգիայի հզորությունը։ Պատերազմից հետո էլեկտրականության բացն Արցախում Հայաստանից մատակարարվող հոսանքով է լրացվում։

«Ծանրաբեռնվածության ժամանակ նաև էլցանցում են որոշակի խափանումներ լինում», - նշեց Արամ Հարությունյանը։

Վերջին օրերին ջեռուցումն անհրաժեշտություն է Արցախում, եղանակը ցրտել է, դա պատճառը, որ դպրոցներում ու մանկապարտեզներում անցած շաբաթավերջին դասերն դադարեցրին։

XS
SM
MD
LG