Մատչելիության հղումներ

Անթալիայում նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Արարատ Միրզոյանը վաղը կհանդիպի թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլույի հետ, հաստատում են «Ազատության» աղբյուրները։

Միրզոյանի Թուրքիա մեկնելը և Չավուշօղլուի հետ հանդիպումը կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, կարծիք է հայտնում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը. - «Հայաստանը ներկայացել է արտգործնախարար մակարդակով, ոչ թե հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի։ Դա ավելի բարձր կարգավիճակ է»։

Կիրակոսյանը այս օրերին ևս Թուրքիայում է և մասնակցում է նույն ֆորումին, նրա ելույթը նախատեսված է վաղը, թեման դիվանգիտության կարևորությունն է՝ խոսափելու զինված ուժերի բախումներից։

Ի տարբերություն Հայաստանից մեկնած քաղաքագետի, արտգործնախարարի անունը ֆորումի բանախոսների ցանկում չկա։

«Արտգործնախարար Միրզոյանը իր Թուրքիա մեկնելը հաստատեց շատ ուշ, այդ պատճառով էլ նրա անունը ներառված չէ պաշտոնական ծրագրում։ Նրան առաջարկել են ելույթ ունենալ մի քանի հնարավոր պանելներում, Միրզոյանը ընդունել է առաջարկներից մեկը։ Միևնույն ժամանակ, ավելի քան բնական է, որ նա առանձնազրույց կունենա իր թուրք գործընկեր Չավուշօղլուի հետ», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Հայաստանից մեկնած քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

Թեև ավելի քան 10 տարվա դադարից հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Թուրքիա հայ-թուրքական երկխոսության շրջանակում է, այնուամենայնիվ չի սահմանափակվում այդ թեմայով. - «Արտգործնախարար Միրզոյանը դիվանագիտական ֆորումից զուգահեռ ունեցել է նաև մի քանի այլ հանդիպումներ, այդ թվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի տարբերություն Մոսկվայում և Վիեննայում հանդիպումների, Անթալիայի հանդիպումները միայն հայ-թուրքական հաշտեցման մասին չեն։ Հայաստանի արտգործնախարարը ի ցույց կդնի աշխարհին, որ որպես ժողովրդավարական երկիր Հայաստանը շատ ավելի վստահելի գործընկեր է, քան Ադրբեջանը»։

Երեկ Միրզոյան - Լավրով հանդիպումից հետո հայտարարություններ տարածեցին պաշտոնական Երևանն ու Մոսկվան, երկուսն էլ նշեցին, որ անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային հարթակներում փոխգործակցության սերտացման հարցերին։

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ակնհայտ է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ-ում, Հայաստանը պետք է սատարի Ռուսաստանի մոտեցումը ուկրաինական պատերազմի հարցում, մի բան, ինչից Հայաստանը մինչ օրս խուսափել է. - «Հայաստանի արձագանքը նրբանկատ հիշեցում է Ռուսաստանին, որ շարունակվում է Ադրբեջանի ագրեսիան, խափանվում է գազի մատակարարումը, տեղի են ունենում սահմանային ներխուժումներ և փոխհրաձգություններ։ Իսկ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը ավելի հստակ և ուղղակիորեն կգործի՝ վերացնելու ադբեջանական սպառնալիքները»։

Վաղն ակնկալվում է Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը։ Այնուամենայնիվ հայ-թուրքական կարգավորման գործընթացքում հստակ արդյունքների մասին հայտարարություններ առայժմ չկան։ Անցյալ ամիս Վիեննայում բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումից հետո նրանց հաջորդ հանդիպման վայրի կամ ժամկետի մասին տեղեկություն չկա։

Անցյալ ամիս Վիեննայում բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումից հետո նրանց հաջորդ հանդիպման մասին առայժմ տեղեկություն չկա, թե երբ են շարունակելու բանակցությունները և որտեղ։

Հարցին, թե արդյոք Ուկրաինայում պատերազմի պատճառով հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը դանդաղի կամ փակուղի մտնի, Կիրակոսյանը պատասխանեց, թե առայժմ նման նշաններ չի տեսնում. - «Հաշվի առնելով, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, կա վտանգ, որ Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացին կարող է փոխվել, սակայն մինչև այս պահը նման վտանգ չենք տեսնում։ Միևնույն ժամանակ Թուրքիան այժմ ներգրավված է ավելի լայն կարգավորման գործընթացքում, Իսրայելի հետ, Հունաստանի հետ։ Այս ամենը հնարավոր է շեղի Թուրքիային Հայաստանից»։

Հայ-թուրքկան հարաբերությունների կարգավորումն առաջ տանելը առաջին հերթին Թուրքիայի մարտահրավերն է։ Հայաստանը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ սպասում է, որ Թուրքիան կանի առաջին նշանակալի քայլը, և չանելու դեպքում նախ և առաջ կտուժի Թուրքիան, կարծում է Կիրակոսյանը։

XS
SM
MD
LG