«Կա մեկ այլ սպառնացող վտանգ տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը` ի դեմս Ադրբեջանի»
Օգտվելով Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից` Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, ասում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի հրապարակած 5 կետերից բաղկացած առաջարկները կամ նախապայմանները խաղաղության պայմանագրի համատեքստում։
«Հայաստանի արտգործնախարարության պատասխանը կարևոր էր 3 հստակ պատճառով, առաջինը` Ադրբեջանը և միայն Ադրբեջանն է խախտում հրադադարը, երկրորդ` Հայաստանի արձագանքը տեղին էր, քանի որ Ադրբեջանը գնալով դիվանագիտորեն ավելի է մեկուսացվում, բոլոր երկրները՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, սատարում են Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալը, իսկ Ադրբեջանը փորձում է մարգինալացնել Մինսկի խումբը։ Եվ Հայաստանի պատասխանի երրորդ կարևոր կետն այն էր, որ Ադրբեջանն իր առաջ քաշած 5 կետերով ու դիվանագիտական մոտեցմամբ դիտավորյալ մոռանում է ինքնորոշման հարցն ու զինված ուժեր կիրառելու արգելքը», - ասում է Կիրակոսյանը։
Մինչ Ադբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 5 պայման է առաջ քաշում, Հայաստանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։ Ինչպես հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, «Ադրբեջանի առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը», չեն երաշխավորում արցախահայության իրավունքներն և ազատությունները, չի հստակեցվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
«Մենք չպետք է բաց թողնենք որևէ հնարավորություն` հիշեցնելու միջազգային հանրությանը, որ Հայաստանն է ավելի կայուն, կանխատեսելի և անկեղծ գործընկեր խաղաղության հարցում` ի տարբերություն ագրեսոր երկրի՝ Ադրբեջանի։
Բաքուն բախումներ է հրահրում, ներխուժումներ ու հրաձգություն կազմակերպում սահմաններին, խափանում գազի մատակարարումը Արցախ: Սրանք փաստացի պատերազմական գործողություններ են առանց պատերազմ հայտարարելու։ Ես կարծում եմ, որ պետք է հիշեցնենք միջազգային հանրությանը՝ ուկրինական պատերազմից բացի, կա մեկ այլ սպառնացող վտանգ տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը` ի դեմս Ադրբեջանի», - շեշտում է քաղաքագետը։
«Չեմ կարծում, թե Ադրբեջանը հնարավորություն ունի արհամարհելու համանախագահներին»
Հայաստանի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու համար։ Կհամաձայնի՞ արդյոք Մինսկի խմբի հասցեին վիրավորական արտահայտություններով խոսող Ադբեջանը վերադառնալ այդ ֆորմատով քննարկումներին։
«Անկեղծ ասած` նրանք արդեն վերադարձել են։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումները վերականգնվեցին անցյալ տարի օգոստոս, սեպտեմբերին Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հավաքի ընթացքում, ներգրավված էին նաև Մինսկի խմբի համանախագահները։ Այս համատեքստում, չեմ կարծում, թե Ադրբեջանը հնարավորություն ունի արհամարհելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահներին», - նկատում Ռիչարդ Կիրակոսյանը։
Ադրբեջանը փորձում է հասկանալ Ռուսաստանի սահմանած կարմիր գծերը. Իսկանդարյան
Ադրբեջանի՝ վերջին շրջանի առանձնակի ակտիվությունը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ևս կապում է ուկրաինական պատերազմի հետ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է հասկանալ Ռուսաստանի սահմանած կարմիր գծերը՝ գործի դնելով հայտնի հնարքը։
«Առաջարկների ու ճնշումների միաձուլում է, դիվանագիտական հայտնի տեխնոլոգիա է, երբ միաժամանակ ճնշում են գործադրում և առաջարկներ դնում սեղանին։ Այս ամենի հետագա ընթացքը մեծապես կախված է այն բանից, թե ինչպես կհանգուցալուծվի կամ չի հանգուցալուծվի իրավիճակն Ուկրաինայում, և արդյունքում ինչ դիրք կունենա Ռուսաստանը տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը հիմա Ղարաբաղի ժամանակը չունի, և դրա համար է Ադրբեջանը ակտիվացրել այս քաղաքականությունը հիմա, բայց Ադրբեջանի դիրքորշումն ինքնին նորություն չէ», - ասում է Իսկանդարյանը։
Այս պահին ռազմական սրացման վտանգ քաղաքագետները չեն տեսնում
«Հենց այդ պատճառով էլ Հայաստանը ձգտում է վերականգնել Մինսկի խմբի ձևաչափը, որովհետև այնտեղ կարգավորման սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր, դրանից բացի, նաև տարածքային ամբողջականության ու հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն էին», - նշում է նա։
Հայաստանի անելիքները շատ են՝ բանակ կառուցելուց մինչև երկրի կշռի ու դերակատարության վերականգնում, սակայն պատերազմից գրեթե 2 տարի անց այս առումով, քաղաքագետի կարծիքով, մեծ ձեռքբերումներ չկան. «Երբ մի երկրի տարածք նեխուժում են մեկ այլ երկրի զինված ուժերի ներկայացուցիչներ, ու նրանց դիամավորում է գոնե ոչ թե սահմանպահը, չեմ խոսում էլ բանակի մասին, այլ գյուղապետը կամ հովիվը, այդ երկրի հանդեպ լինում է համապատասխան վերաբերմունք»։
Այս պահին փորձագետները ռազմական սրացում, այնուամենայնիվ, հավանական չեն համարում։