«44-օրյա պատերազմից հետո և հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում, Հայաստանի համար պետականությունը պահպանելու տարբերակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է և Հայաստանի, որպես նեյտրալ պետության, երկարաժամկետ տեսլականի ձևավորումը», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ շեշտելով՝ հիմա Հայաստանի կառավարությունը պետք է հստակ և վճռական քաղաքական որոշում կայացնի, որ գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ անկախ հասարակության կշտամբանքներից, անհամաձայնություններից, հայհոյանքներից։
«Միևնույն ժամանակ, ես նաև ուզում եմ ընդգծել, որ մենք պետք է ուշի ուշով հետևենք Իրանի շուրջ զարգացումներին, որովհետև էներգակիրների պատերազմում ահռելի է իհարկե դառնալու Իրանի դերը, որովհետև, ի վերջո, Եվրոպային մոտ գտնվող պետություններից միակ պետությունը, որը որ կարող է ամբողջությամբ փոխարինել ռուսական էներգակիրներին՝ թե՛ նավթի, թե՛ գազի պաշարներով, դա, ըստ էության, Իրանն է», - ասաց Քոչինյանը։
Այս պահին աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրը Հայաստանի օգտին չեն, իր հերթին շեշտեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ ընդգծելով Ռուսաստանն աղետալի պատերազմի մեջ է, տնտեսական առումով շատ վատ վիճակում՝ չբացառելով, որ ինչ-որ պահի Թուրքիան և Ադրբեջանն օգտվեն այս իրավիճակից։
«Մենք պետք է, այո՛, շատ ճիշտ դիվանագիտություն աշխատեցնենք, որպեսզի այդ երկու երկրներին գոնե մեզ համար վերահսկելի պահենք», - ասաց Վարդանյանը՝ կարևորելով այս պահին նաև Հայաստան-Արևմուտք հարաբերությունների բարձր մակարդակը։
«Մենք նաև արևմտյան կողմի հետ պետք է լուրջ բանակցությունների մեջ մտնենք։ Թուրքիան, անկախ ամեն ինչից, մնում է անկանխատեսելի երկիր։ Մենք պետք է բանակցենք էս պահին որպեսզի Թուրքիան մեզ համար գոնե ինչ-որ առումով կանխատեսելի և վերահսկելի պահենք», - ասաց քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․