«Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա: Մենք առաջարկ ենք ներկայացրել՝ ստորագրել ավելի պարզեցված հիմնարար փաստաթուղթ: Հուսով ենք` Հայաստանի համար հեշտ կլինի ընդունել, և սա կարևոր քայլ կլինի դեպի կարգավորում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկումներից մեկի ընթացքում։
Բայրամովը ադրբեջանական առաջարկների բովանդակությունը չի բացահայտել։ Երեկ նա միայն որոշ մանրամասներ էր հայտնել՝ խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է, որը բաղկացած է հինգ կետից։ «Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան»,- ասել էր նա։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով` «փաստաթուղթը վերջերս է ներկայացվել», թե ում միջոցով, Ադրբեջանի արտգործնախարարը չի ասել։
Պաշտոնական Երևանը ևս չի գաղտնազերծում Բաքվից ստացված առաջարկները։ Նախօրեին Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, թե Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - ասել էր Հունանյանը: