Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինվորականներն ու աշխարհազորը պատրաստվում են պաշտպանել Կիևը


Ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժելու 16-րդ օրը ռազմաճակատային գիծը ընդհուպ մոտեցել է Կիևի արվարձաններին։ Հրապարակված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին ընթացքում Կիևին մոտեցած 64 կիլոմետր ձգվող ռազմական տեխնիկան վերադիրքավորվել է, մի մասը տեղակայվել է Գոստոմելի օդանավակայաի մոտ, մի մասը` Կիևից հյուսիս ու արևելք ընկած հատվածներում, մի խումբ զրահամեքենաներ ու տանկեր անտառներ են մտել:

Ուկրաինացի զինվորականներն ու աշխարհազորը պատրաստվում են պաշտպանել մայրաքաղաքը։ Գրոհների հավանական ուղղությունների վրա խրամատներ են փորում, բարիկադներ կառուցում։

Ուկրաինացի զինվորականները Կիևի մերձակա գյուղերից մեկում փորձում են հետ մղել ռուսական ուժերին
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

Երեկ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, թե ինպես են ուկրաինացիները, ենթադրաբար «Բայրաքթարներով», ոչնչնացնում Կիևի մարզի Բրովարի բնակավայրով շարժվող ռուսական տանկերի շարասյունը։ Կիևից արևելք ընկած Բրովարին ընդամենը 21 կիլոմետր է հեռու մայրաքաղաքից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր տեսանյութ է հրապարակել, ցույց տալով, թե ինչպես են ռուսական տանկերն ու զրահամեքենաները առանց դիմադրության առաջ շարժվում Կիևի մարզում։

Ռուսական տանկերի տեղաշարժը Կիևի մարզում. ՌԴ ՊՆ-ի տեսանյութը
please wait

No media source currently available

0:00 0:01:05 0:00

Ռուսական օդուժի կողմից այսօր ռմբակոծվել է Կիևի մարզի Բարիշիվկա բնակավայրը։ Հրապարակված տեսանյութում ռմբակոծված բնակելի թաղամասեր են։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում է վեց վիրավորի մասին։

Ռուսական ուժերը այսօր թիրախավորել են նաև նոր բնակավայրեր ու քաղաքներ։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Թվիթերում գրել է, որ երկրի մեծ քաղաքները կրկին ենթարկվում են ավերիչ հարվածների։ Վաղ առավոտյան հրթիռակոծվել է Դնեպր արդյունաբերական քաղաքը (նախկին անվանումը Դնեպրոպետրովսկ)։ Տեղի պաշտոնյաները հայտնում են, որ մեկ մարդ զոհվել է։ Ռուսական օդուժի երեք հարվածների տակ են ընկել կոշիկի փոքր գործարանը, բնակելի թաղամասն ու մանկապարտեղի շենքը։

Այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռակոծել է նաև Ուկրաինայի արևմուտքում` ռազմաճակատային գծից հեռու գտնվող Իվանո-Ֆրանկովսկի և Լուցկի օդանավակայանները։ Լուցկում ուկրաինացի երկու զինվոր է զոհվել, վեցը վիրավորվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը ասել է, որ այսօր առավոտյան այդ օդանավակայաններին հարվածել են գերճշգրիտ հեռահար զենքով։

Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող մարտական գործողությունների մասին նա ասել է, որ ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել Վոլնովախա քաղաքը, ու ևս մի քանի փոքր բնակավայրեր է թվարկել, ասելով, թե արևելյան ուղղությամբ ռուսական ուժերը մի քանի կիլոմետր առաջ են շարժվել։

Վոլնովախան ընկած է Մարիուպոլից հյուսիս։ Ավելի քան 400 հազար բնակչություն ուենցող Մարիուպոլն ամբողջվին պաշարված է։ Հումանիտար կազմակերպությունները ահազանգում են «ապոկալիպտիկ» իրավիճակի մասին՝ ցրտաշունչ քաղաքում ուտելիք ու ջուր չկա, մարդկանց տարահանել չի հաջողվում շարունակվող ռմբակոծությունների պատճառով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, որ ամեն ինչ արվում է պատերազմական բնակայվրերից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար, վերջին երկու օրերին ավելի քան 100 հազար մարդ է տարհավել, ամեն ինչ անում են, որ ամբողջովին պաշարված Վոլնովախայի ու Մարիուպոլի մարդասիրական միջանցքները գործեն, բայց ռուսական ուժերը կրակը չեն դադարեցնում։

«Այսօր նրանք ոչնչացրել են Դոնեցկի մարզի արտակարգ իրավիճակների ծառայության հիմնական մասնաշենքը։ Այդ շենքի մոտ պետք է հավաքվեին Մորիուպոլի բնակիչները տարահանվելու համար։ Սա բացահայտ տեռոր է, անթաքույց տեռոր փորձառու ահաբեկիչների կողմից։ Աշխարհը պետք է դա իմանա, ճանաչի։ Մենք բոլորս գործ ունենք ահաբեկիչ պետության հետ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինական կողմի մարտական գործողությունների մասին զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ բոլոր ուղղություններով դիմադրում են ռուսական ուժերի հարձակողական գործողություններին։

Ֆեյսբուքի իր էջում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը գրել է, որ ռուսական ուժերը փորձում են ամրապնդվել գրաված դիրքերում, վերախմբավորել զորքերը, վերականգնել մարտունակությունը, համալրել են հրթիռների, զինամթերքի, վառելիքի ու քսանյութերի պաշարները։ Անձնակազմի կորուստների և հարձակման տեմպերի դանդաղման պատճառով ռուսական բանակը շարունակում է պահեստազոր ձևավորել Ռուսաստանի տարածքում»։

Ուկրաինական ու ռուսական կողմերը այսօր հեթական անգամ հակառակորդի կորուստների մասին թվեր են հրապարակել՝ հազարավոր զոհված զինծառայողներ, ոչնչացված հարյուրավոր տանկեր, զրահատեխնիկա, օդանավեր, հրետանա-հրթիռային համակարգեր, ուղղաթիռներ, բայց թե ուկրաինական, թե ռուսական կողմի հայտնած տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

ՄԱԿ-ի տվյալներով, մարտական գործողությունների հետևանքով ուկրաինացի փախստականների թիվը օրեցոր աճում է։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ արդեն 2,5 միլիոն փախստական դուրս է եկել Ուկրաինայից, որոնցից 116 հազարը 3-րդ երկրների քաղաքացիներ են, ևս երկու միլիոն մարդ տեղահանվել է Ուկրաինայի ներսում։

Իգոր Կոնաշենկովը հերթական անգամ ներկայացրել է հակառակորդի կրած կորուստների թվերը, ասելով, թե վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 107 օբյեկտ, 3 Mi-24 ուղղաթիռ և ութ անօդաչու թռչող սարք։ Իսկ պատերազմի սկզբից ի վեր ոչնչացվել է ուկրաինական զինուժի ավելի քան 3 հազար 200 օբյեկտ, 98 օդանավ, 118 անօդաչու թռչող սարքեր, հազարից ավելի տանկ ու զրահամեքենա, շուրջ 1500 ռազմական այլ տեխնիկա՝ մեքենաներ, ականանետեր, հրետանային համակարգեր։

Ըստ Ուկրաինայի ԶՈւ-ի այսօր առավոտյան հրապարակած տվյալների՝ մարտի 11-ի առավոտվա դրությամբ ռուսական բանակը ավելի քան 12 հազար զինծառայող է կորցրել, ոչնչացվել են 353 տանկ, 125 հրետանային և 31 հակաօդային պաշտպանության համակարգեր, 57 օդանավ, 83 ուղղաթիռ, 3 ռազմանավ, 7 անօդաչու թռչող սարքեր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG