Մատչելիության հղումներ

Զելենսկու կուսակցությունն առաջարկում է Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող համաձայնագիր կնքել


Ուկրաինա - Վլադիմիր Զելենսկին իր «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար անդամների հետ, արխիվ
Ուկրաինա - Վլադիմիր Զելենսկին իր «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար անդամների հետ, արխիվ

Վլադիմիր Զելենսկու կուսակցությունն առաջարկում է միջազգային բազմակողմ նոր համաձայնագիր կնքել, որով Թուրքիան, Միացյալ Նահանգները և Ուկրաինայի անմիջական հարևանները հանդես կգան որպես այդ երկրի անկախության և ինքնիշխանության երաշխավորներ։ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունն այս հայտարարությունը տարածեց երեքշաբթի երեկոյան՝ արձանագրելով, որ տեսանելի ապագայում երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու որևէ շանս չունի։

«ՆԱՏՕ-ն առաջիկա 15 տարիներին մեզ իր կազմ չի ընդունի և դրա մասին հստակորեն հայտարարում է։ Եվ քանի որ առաջիկա տարիներին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնարին է, մենք չենք կարող մեր երկրի պաշտպանության համար օգտագործել Սահմանադրության այն տողերը, որոնցում գրված է դաշինքին անդամակցելու քաղաքական կուրսի մասին։ Այդ կուրսը ոչ զենք է, ոչ օդանավ և ոչ էլ պետության պաշտպանություն», - նշված է Զելենսկու կուսակցության հայտարարության մեջ։

«Մենք այժմ պետք է խոսենք հստակ իրողությունների մասին՝ մասնավորաբար մի այնպիսի պայմանագրի մասին, որը հնարավորություն կտա ապահովել մեր երկրի անվտանգությունը մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ուկրաինան ընդգրկել իր շարքերում», - նշում են «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար անդամները։

Զելենսկու կուսակիցների համոզմամբ՝ այդ պայմանագրում պետք է Ուկրաինայի անվտանգության հստակ քաղաքական, տնտեսական և ռազմական երաշխիքներ ներառված լինեն։ «Ռուսաստանն իր հերթին պետք է իրավաբանորեն արձանագրի, որ ճանաչում է Ուկրաինայի պետականությունը, և երաշխավորի, որ չի սպառնալու մեր երկրին», - նշված է «Ժողովրդի ծառա» կուսակցության հայտարարության տեքստում։

Դրա հետ մեկտեղ, դժվար է ասել, թե որքանով պաշտոնական Մոսկվային կբավարարի պաշտոնական Կիևի դիրքորոշման որոշակի փոփոխությունը, քանի որ Ռուսաստանի նախագահի ներկայացրած նախապայմանները Զելենսկու կուսակիցները մերժում են։

«Մենք մերժում ենք վերջնագրերի լեզուն։ Մենք չենք հրաժարվում մեր տարածքներից: Դրա հետ մեկտեղ՝ մենք սթափ ենք դիտարկում ստեղծված իրականությունը։ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը արդեն ութ տարի է ինչ զավթված են, Ուկրաինայի մնացած տարածքներում լայնամասշտաբ պատերազմ է։ Մենք լսում ենք Ռուսաստանի պահանջը՝ ճանաչել Ղրիմի զավթումը, ինչպես նաև այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Պարզ է, որ մենք դա չենք անելու։ Դրա հետ մեկտեղ՝ հարկավոր է հստակություն մտցնել, թե ինչպես պետք է կարգավորվի այդ տարածքներում ապրող մարդկանց կյանքը՝ մեր ամբողջական պետության շրջանակում», - հայտարարում է Ուկրաինայի իշխող կուսակցությունը։

XS
SM
MD
LG