Մատչելիության հղումներ

Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումը կախված է նաև հայ և թուրք բանագնացների հանդիպման արդյունքներից. Միրզոյան


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքներից է մեծապես նաև կախված Երևանի որոշումը՝ ընդունե՞լ, թե՞ ոչ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

Արտաքին գործերի նախարարը հստակեցրեց, որ Անկարան հրավեր է հղել իր և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անունով: «Որոշում իսկապես չկա», - վստահեցրեց Միրոզյանը։

Իսկ Վիեննայի բանակցություններից, Միրզոյանի փոխանցմամբ, Երևանն ակնկալում է առարկայական քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. «Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են, մեր ակնկալիքներն էլ այդպիսին են»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին հունվարի 14-ին Մոսկվայում: Կողմերն այն ընդհանուր առմամբ դրական գնահատեցին՝ նշելով, որ «պայմանավորվել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»: Երկրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին՝ Վիեննայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG