Մատչելիության հղումներ

Իշխանությունից պետք է պահանջել հստակություն՝ ի՞նչ է պատկերացնում խաղաղության պայմանագիր ասելով. Քաղաքագետ


Մինչ պաշտոնական Բաքուն ու Երևանը հայտարարում են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել, սահմանին իրավիճակը սրվում է։

Պաշտպանության նախարարությունն այսօր ադրբեջանական կողմի կրակոցի պատճառով մեկ զոհի մասին հաղորդեց Արտգործնախարարության հայտարարությունից շատ չանցած, թե խաղաղության պայմանգիրը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։

Այս իրավիճակում խաղաղության դարաշրջանի ու խաղաղության պայմանագրի վերաբերյալ ցանկություններն առնվազն իրականությունից կտրված են, եթե ոչ անլուրջ, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

«Գուցե կառավարությունը մտածում է, որ նման հայտարարություններով մեր բոլոր արտաքին գործընկերները ինչ-որ դրական հույզերով կլցվեն մեր կառավարության հանդեպ, կասեն՝ «տեսեք, բոլորը ցանկանում են պատերազմ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչ բարի ու ազնիվ մարդիկ են, նրանք ցանկանում են խաղաղություն»: Սակայն սրանք մի փոքր իրականությունից կտրված երազանքներ կամ ցանկություններ են, Չգիտեմ, սա ավելի շատ դրակա՞ն է Հայաստանի կառավարության համար, կստեղծի՞ դրական ֆոն, ու մեր արտաքին գործընկերները կասեն՝ «ինչ լավ է, որ աշխարհում դեռևս մնացել են ազնիվ, բարի մարդիկ, ովքեր խաղաղություն են ուզում», թե՞ ընդհակառակը՝ սա կարող է ավելի անլրջացնել մեր կառավարության հանդեպ վերաբերմունքը», - ասաց Պողոսյանը:

Քաղաքագետը նկատում է՝ եթե Հայաստանի կառավարությունը չի հստակեցնում, թե ինչպես է պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, ինչ բովանդակություն պետք է ունենա այն, ապա Բաքուն հստակ ու ոչ մեկ անգամ շեշտել է՝ ինչի է ուզում հասնել այդ փաստաթղթով։

«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ խաղաղության պայմանագիրը նշանակում է՝ Հայաստանը ճանաչումը է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Խորհրդային Ադրբեջանի սահմաններով, որը ըստ Ադրբեջանի, ներառում է նաև ամբողջ Արցախը: Հիմա դրան ի պատասխան մենք լսում ենք հայտարարություն Հայաստանի կառավարության կամ գոնե Արտաքին գործերի նախարարության խոսնակի կողմից, որ, այո, Հայաստանի կառավարության համար ևս առաջնահերթություն է խաղաղության պայմանագրի կնքումը, որովհետև Հայաստանի կառավարությունը որոշել է տարածաշրջանը տանել խաղաղության հաստատման ուղիով: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի, մենք Հայաստանի կողմից որևէ հստակություն չենք լսում, թե Հայաստանն ինչ է հասկանում խաղաղության պայմանագրի տակ», - ընդգծեց քաղաքագետը:

Բենիամին Պողոսյանն ասում է, որ իշխանությունից պետք է պահանջել հստակություն՝ ի՞նչ է պատկերացնում խաղաղության պայմանագիր ասելով։ Ինքը դժվարանում է ասել, սակայն հիշում է վարչապետի ավելի վաղ արած հայտարարությունները Արցախի` Ադրբեջանի կազմից դուրս լինելու վերաբերյալ ու ենթադրություն անում։

«Վարչապետը կարծես թե ակնարկում էր, որ դեռ մինչև իր իշխանության գալը 2018 թվականի մայիսին Ղարաբաղը կորցրել էր բոլոր տեսական ու գործնական հնարավորությունները Ադրբեջանից դուրս լինելու, համենայնդեպս, նման ակնարկներ եղան, ինչը կարող էր մեզ հիմք տալ միայն ենթադրել, գուցե և սխալ, որ կարծես թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, եթե Ադրբեջանը խոստանա ինչ-ինչ իրավունքներ ապահովել», - ասաց Պողոսյանը:

Շաբաթավերջին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն անդրադարձել էր Թուրքիայի արտգործնախարարը։ Բաքվում Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը և հույս էր հայտնել, որ Հայաստանը ևս ընդառաջ կգնա։

Թուրքիայի արտգործնախարարը նաև շեշտել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը։ Որ հայկական կողմը միջանցք չի պատրաստվում տրամադրել ադրբեջանական կողմին, ամենաբարձր մակարդակով, բազմիցս է շեշտվել, սակայն վերջերս վարչապետը հայտարարեց «Հյուսիս-Հարավ» նախագիծը վերաձևակերպելու մասին՝ այն դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ»։ Գործադիրի ղեկավարը նախագծի վերաբերյալ շատ մանրամասներ չներկայացրեց։

«Այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք», եթե կարճ ասենք «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղն, ըստ էության, Ադրբեջան-Հայաստան, հետագայում դեպի Նախիջևան-Թուրքիա», - հայտարարել է Փաշինյանը:

Թե ինչ իրավական կարգավիճակ է ունենալու այդ ճանապարհը, կառավարության նիստին չէր հստակեցվել։ Պաշտոնական Երևանն այսօր հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» Երևանի համար անհասկանալի խոսույթ է՝ շեշտելով՝ դրա մասին գիտեն բոլորը:

Արտաքին գերատեսչությունից միևնույն ժամանակ հայտնել են թե, մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG