Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի սկզբում ադրբեջանցի երկու պատգամավորները նախ շնորհակալություն հայտնեցին Հայաստանին ջերմ ընդունելության համար, որից հետո հայտարարեցին, թե Բաքվից դրական ազդակներ են բերել։
Ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը իր ելույթի ընթացքում մի քանի անգամ շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է:
«Քանի որ կոնֆլիկտն ավարտված է, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնի։ Եվ ես ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի կողմից այս առումով մենք մի շարք դրական ազդակների ենք ստացել։ Կարծում եմ՝ Մինսկի խումբը ևս պետք է աջակցի, որպեսզի երկու երկրների միջև խաղաղություն հաստատվի և, իհարկե, խաղաղության պայմանագիր կնքվի», - նշեց Մամեդովը:
Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Հայկական կողմը հարցի լուծման համար կներգրավի տարբեր միջազգային ուժերի, արդեն իր ելույթում նկատեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Արման Եղոյանը պատասխանեց ադրբեջանցի գործընկերների շեշտադրմանը, թե հակամարտությունը ավարտված է. «Ես արդեն չեմ հիշում, թե մեր ադրբեջանցի գործընկերները քանի անգամ կրկնեցին, որ հակամարտությունը ավարտված է, երևի իրենք իրենց էին փորձում համոզել դրանում։ Իսկ հակամարտությունը ավարտված չես կարող համարել, պարզապես այդ մասին հայտարարելով, առանց հակամարտության պատճառները վերացնելու։ Իսկ պատճառները դեռ կան, ավելին, կարծում եմ, դրանք ավելի են խորացել։ Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունը ավելի ու ավելի ուժեղ է դառնում»:
Հայ և ադրբեջանցի պատգամավորների այս բանավեճի ընթացքում հարցին կարճ անդրադարձավ նաև եվրախորհրդարանի պատգամավոր Մարիա Կալյուրանդը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ պետք է ստանա իր համապարփակ բանակցային լուծումը։
Չնայած ադրբեջանցի պատգամավորները Երևանում ևս կրկնեցին Բաքվի հայտնի թեզը այն մասին, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների չկան, որպես հիմնավորում ներկայացնելով, թե բանտերում պահվող հայերը պատերազմից հետո են հատել իրենց սահմանը, Մարիա Կարապետյան հակադարձեց՝ հումանիտար իրավունքը նման տարանջատում չի ճանաչում։ Նիստի ընթացքում հայ ռազմագերիների հարցը բարձրացրեց նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Շատ դժվար է Ադրբեջանի հետ խոսել քաղաքական երկխոսության մասին, երբ Բաքուն դեռ պահում է մեր ռազմագերիներին և նվաստացնում նրանց։ Մինչ մենք այստեղ նիստ ենք անցկացնում, Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել Սյունիքը», - ասաց Գրիգորյանը:
Բացի քաղաքական հարցերով հանձնաժողովից, որտեղ այսօր քննարկվեց Հարավային Կովկասի անվտանգության թեման, նիստեր անցկացրեցին նաև Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանական համագործակցության այս հարթակի մյուս հանձնաժողովները։
Իսկ երեկ «Եվրանեսթի» բյուրոյի փակ նիստի ընթացքում ընդունվել է հայտարարություն Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման և եվրոպական անվտանգությանը ռուսական սպառնալիքի մասին։ Հայտարարությանը, Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման պատճառով որոշակի խմբագրումից հետո միայն կհրապարակվի։ Բյուրոյում Հայաստանի ներկայացուցիչը հայտարարությանը ձեռնպահ է քվեարկել։
«Ես կրկին կվերահաստատեմ իմ դիրքորոշումը, որ իմ հույսն է, որ խաղաղությունը կպահպանվի, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը, մնացած հարցերի շուրջ այս պահին մեկնաբանություն չեմ տա», - ասաց Հայաստանի ներկայացուցիչը:
Նիստին զուգահեռ Համալիրի դիմաց բազմամարդ հավաք էր անցկացվում։ Քաղաքացիները եկել էին իրենց դժգոհությունը արտահայտելու, որ 44-օրյա պատերազմից 15 ամիս անց Երևանում ադրբեջանցի պատգամավորների են ընդունել։