Կառավարությունը պարենային անվտանգության և սննդամթերքի գնաճի լուրջ մարտահրավերներ է կանխատեսում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումներն ու համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը։
Այսօր կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղտնտեսներին կոչ արեց անմշակ հողեր չթողնել, քանի որ գյուղատնտեսությունը կարող է դառնալ ավելի հրապուրիչ. - «Ինչը որ մեկ կամ երկու տարի առաջ այնքան էլ ձեռնտու չէր, էս տարի ավելի գրավիչ ա դառնալու, և էլի կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր ունեն հողատարածքներ, որոնք չեն մշակել նախորդ տարիներին, անպայման մշակեն, որովհետև դրա պահանջարկը լինելու ա»։
Վարչապետ Փաշինյանն ավելացրեց, որ վերջին երկու տարիներին համավարակով ու պատերազմներով պայմանավորված «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում, որոնք անդրադառնում են նաև Հայաստանի տնտեսության վրա. - «Այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, լավատեսական եթե փորձենք բան գտնել, էս ամեն ինչի մեջ շատ դժվար է լավատեսական բան գտնել, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ, այո, նաև աճելու է գյուղատնտեսական արտադրանքի գները։ Եվ այդ առումով չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ»։
Եզեկ Աղվանյանը Լոռու մարզի Օձուն գյուղում ազնվամորու մեկ հեկտար այգի ունի։ Մասնագիտությամբ գյուղատնտես է։ Ասում է, թե տարիներ շարունակ հաշվարկել ու համարել է, որ հողագործությունը Հայաստանում ոչ շահութաբեր է։ Իր վարելահողը որպես խոտհարք է օգտագործել և միայն 5 տարի առաջ հիմնել ազնվամորու այգի։
Լսել է կառավարության այսօրվա կոչը, թե ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում գյուղատնտեսությունը շահութաբեր ճյուղ դառնալու հեռանկար ունի։ Բայց կասկածներ ունի, թե մշակվող հողատարածքները Հայաստանում կավելանան այս պայմաններում. - «Վարից սկսած մինչև իրացումը, բոլորը պրոցես-պրոցես գործ են։ Մեզ մոտ էդ բոլորը վատ հիմքերի վրա ա, և էդ բոլորը թանկ ա, ու հանկարծ գյուղացին էլ որ մի պուճուր թանկացնում ա, որ կարենա ծախսը հանի, կա'մ չի առնվում, կա'մ էլ բունտ են անում՝ ա՜, թանկացել ա, կարագը թանկացել ա... Բա ի՞նչ պըտի անի։ Էդ ո՞նց ա հագուստը կրկնակի կթանկանա...»
Այս տարվա սկզբից պարարտանյութերը կտրուկ՝ 2,5-3 անգամ թանկացել են, ինչը փոքր ֆերմերներին դժվար կացության մեջ է դրել։ Այսօր կառավարությունը որոշեց մատակարար ընկերություններին ֆինանսավորել մինչև 3 հեկտար հողատարածք մշակող տնտեսությունների համար պարարտանյութի գինը 50 տոկոսով էժանացնելու համար։
Մեկ այլ որոշմամբ անասնաբուծության ոլորտում 8 միլիարդ դրամից ավել ներդրում անելու դեպքում պետությունը կվերադարձնի ծախսի 35 տոկոսը։
Կան նաև արտոնյալ վարկեր ու աջակման այլ ծրագրեր, բայց օձունցի Եզեկ Աղվանյանը դրանք գյուղացու համար կարևոր չի համարում, քանի դեռ երկրում լուծված չէ իրացման խնդիրը. - «Թող պետությունը գնի մեր ապրանքը։ Մի ձևով գնի։ Բա ես մեղքը չե՞մ, որ, ասենք, կարտոծկեն մի կերպ անեմ, հասցնեմ ու ճամփա պահեմ, թե մեկը պըտի գա առնի։ Կըլի՞ երեսուն տոննա կարտոշկեն տանեմ, օրը հարյուր կիլո ծախեմ»։
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հորդորեց մարզային իշխանություններին ավելի հետևողական լինել ծրագրերի հասցեական իրականացման և վերահսկողության հարցում։ Շեշտեց՝ այսօր գյուղատնտեսության ոլորտում առնվազն 11 զարգացման ծրագրեր են ընդունել, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ ծավալով չեն աշխատում։
Օձունցի գյուղատնտեսը մինչդեռ, նկատում է դեռ 15 տարի առաջ էր խոսում բոլոր այս խնդիրների մասին՝ ցանքսից մինչև իրացում, որոնք խանգարում են գյուղացուն կպչել հողին ու հողագործությունը բիզնես դարձնել։
Անցած 15 տարիներին Հայաստանում գրեթե ոչ մի բան չի փոխվել։ Խնդիրները մեծամասամբ մնացել են նույնը, մշակվող հողատարածքները գնալով նվազել են։ Միայն Լոռու մարզում անցած տարի եղած վարելահողերի միայն կեսն է մշակվել։
«Տեղից վեր կենողը ասում ա գյուղատնտեսությունը զարգացնենք ու գլխին քար ա գցում։ Վարկը վերցրի, թանկ պարարտանյութ առա, թանկ թունաքիմիկատ առա, թանկ ջուր առա, թանկ մշակում արի... էժան ծախեցի։ Լավ, էդ տարի էլ քաղաքացին ապրեց, էդ վեկալած վարկով ապրեց։ Հետո ես էդ պարտքը պըտի տամ, փողս թողում եմ, գնում եմ Ռուսաստան կամ մի ուրիշ տեղ աշխատում եմ, բերում սկսում էդ վարկը փակելը։ Գյուղատնտեսությունը չակերտավոր զարգացավ... այ տենց ա ստացվում», - ասում է Եզեկ Աղվանյանը։