Մատչելիության հղումներ

Վարչապետը համաձայն չէ առաջին ատյանի դատարանի որոշման հետ, վերաքննիչ բողոք կներկայացնի


Վարչապետը համաձայն չէ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որը պահանջում է նրանից պաշտոնապես հերքել ՍԴ նախկին նախագահի հասցեին՝ դեռ երկու տարի առաջ հնչեցրած խոսքերը։ Այն ժամանակ Փաշինյանը պնդել էր, թե Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո իր ծառայություններն է առաջարկել նոր իշխանություններին։

Վարչապետը այս որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

«Եթե մենք կարծեինք՝ դա զրպարտություն է, ապա մենք առհասարակ բողոք չէինք բերի, այսինքն ակնհայտ է, որ մենք չենք կարծում, որ դա զրպարտություն էր, այդ իսկ պատճառով բողոք ենք բերելու: Չենք կիսում դատարանի այդ գնահատականը, այդ կարծիքը, քանի որ այդ փաստն ապացուցող ապացույց մենք ներկայացրել ենք, և մեր կարծիքով դատարանը պատշաճ չի ուսումնասիրել», - նշեց Գյոզալյանը:

Այս պատմությունը սկսվեց 2020-ին, երբ Թովմասյանը գլխավորում էր Սահմանադրական դատարանը, իսկ Փաշինյանի թիմը ելքեր էր փնտրում՝ ազատվելու բարձր դատարանի՝ նախկին իշխանության օրոք ձևավորված կազմից, այն որակելով ոչ օրինական։

«2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայությունն է առաջարկել ինձ», - հայտարարել է Փաշինյանը:

Դատարանը նշել է, որ Փաշինյանի կողմը չի հիմնավորել, որ այս հայտարարություններով վարչապետը չի զրպարտել Թովմասյանին։ Ասուլիսի հաջորդ օրը Փաշինյանը ֆեյսբուքում պատմել էր, թե ինչպես է ՍԴ նախագահն իրեն գրիչ նվիրել մի միջոցառման ժամանակ, հետո արդեն տարբեր առիթներով իր ծառայություններն առաջարկել, ինչը Փաշինյանը մերժել էր։

Թովմասյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ քանի դեռ որոշումն ուժի մեջ չի մտել, մեկնաբանություն չեն կարող տալ։ Հստակ է, որ դատարանը հայցվոր կողմի պահանջների մի մասն է միայն բավարարել։ Թովմասյանը, մասնավորապես, պահանջել էր, որ վարչապետը հերքի նաև նույն ասուլիսում հնչեցրած մեկ այլ պնդում, թե ինքն ու իր թիմը օկուպացրել են Սահմանադրական դատարանը:

«Որովհետև տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, պաշտոնական կեղծիքի արդյունքում օկուպացվել է Սահմանադրական դատարանը մեկ անձի կողմից և մեկ խմբի կողմից», - նշել է վարչապետը:

Դատարանը, սակայն, մերժել է այս մասով Թովմասյանի պահանջը եզրահանգելով, որ վարչապետն այս կերպ նրան զրպարտելու միտում չի ունեցել։ Դատարանը գտել է, որ Փաշինյանի արտահայտությունը եղել է գնահատողական։

Ամեն դեպքում, բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք պարտավոր են հետևել իրենց խոսքին, որ հետո ստիպված չլինեն դատարանի որոշումներով հերքել դրանք, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Առհասարակ նման հայտարարություններ անելը հարիր չէ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Այդ թվում նաև զրպարտություն պարունակող մտքերը անթույլատրելի են, որովհետև ստեղծում են մի իրավիճակ, որտեղ հանրության մոտ իշխանությունների կամ նախկինում պաշտոն զբաղեցրածների նկատմամբ վերաբերմունք է ձևավորվում և այդ վերաբերմունքը միանշանակ բացասական է: Մենք անընդհատ տանում ենք հանրությանն այն ուղղությամբ, այն գծով, որպեսզի վերջնականապես քայքայվի վստահությունն ու հարգանքը պետական մարմինների, պետական պաշտոնյաների նկատմամբ», - ընդգծեց իրավապաշտպանը:

Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով, վարչապետ Փաշինյանի դեմ այժմ շուրջ մեկ տասնյակ հայցեր կան՝ զրպարտության, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու բողոքներով։ Հայցվորները հիմնականում նախկին պաշտոնյաներ են, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այդ մեկ տասնյակից որևէ մեկով դեռ ուժի մեջ մտած որոշում չկա, որով վարչապետին պարտադրվել է հերքել իր իսկ խոսքերը։

XS
SM
MD
LG