Մատչելիության հղումներ

Հայկ Կոնջորյան. Հրայր Թովմասյանը «հարդարել է» նախկին ռեժիմի այլանդակ դեմքը


Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը եղել է նախկին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, ով «հարդարել է» նախկին ռեժիմի այլանդակ դեմքը, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Վարչապետ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, որ Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել, շողոքորթել է իրեն, իսկ Թովմասյանը դա հերքել էր: Ապա Փաշինյանը որպես փաստ Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչն էր հրապարակել, Թովմասյանն էլ հորդորել էր իր փաստաբաններին հայցադիմում պատրաստել վարչապետի դեմ:

Ներկայացնում ենք հատվածներ Հայկ Կոնջորյանի հարցազրույցից.

«Ազատություն». - Վարչապետը խոստացել էր արժանահավատ փաստ հրապարակել, որ Հրայր Թովմասյանը հղափոխությունից հետո իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, ընդ որում այդ փաստը պիտի լիներ համաչափ, ուժեղ հակահարված: Գրիչը Ձեզ համոզե՞ց:

Հայկ Կոնջորյան. - Գրիչը սիմվոլիկան է այն ամբողջ համատեքստի և այն ամբողջ գործընթացի, որի մասին նաև գրիչի հետ գրառման ժամանակ վարչապետը նշել է: Այստեղ իսկապես շեշտադրումը այդ հայտնի ասույթի, որ «սատանան մանրուքների մեջ էր», շատ կարևոր է: Տեսեք, Հրայր Թովմասյանը չի եղել նախկին իշխանության որևէ երրորդական կամ չորրորդական ինչ-որ դեմք: Հրայր Թովմասյանը եղել է նախկին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, նա եղել է նախկին ռեժիմի ֆասադային դեմքը, ով նախկին ռեժիմի այլանդակ դեմքը «մեյք ափ» է արել, ով փորձել է հանրությանը խաբել՝ այլանդակությունը ժողովրդավարության տակ վաճառելով, ով եղել է ըստ էության ինչ-որ տեսանկյունից «սատանայի» փաստաբանը, և լինելով այդ համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչը, այն համակարգի, որը նաև հետապնդել ու հալածել է հենց Նիկոլ Փաշինյանին ժամանակին, և այդ անձնավորությունը հեղափոխությունից հետո, երբ առաջարկում է իր ծառայությունը՝ շողոքորթությամբ, քծնանքով համեմված ամենատարբեր դրսևորումներով, ես կարծում եմ, որ սա քաղաքական արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար իսկապես շատ ուժեղ հարված կամ հակահարված է:

«Ազատություն». - Ձեր հետևորդները կարող են ասել՝ այդքանը մենք էլ գիտեինք, ո՞ւր է ապացույցը, որ նա ծառայություններ է առաջարկել: Հիմա Հրայր Թովմասյանը կարող է ասել՝ ինքը հավանեց այդ գրիչը և վերցրեց, գնաց կամ մոռացավ, դրեց գրպանը և այլն:

Հայկ Կոնջորյան. - Ես տեսա, որ կային գրառումներ նաև գրիչի գնի հետ կապված, որը բավական բարձր գին ունի, ես կարծում եմ, որ ամեն դեպքում պետական պաշտոնյաները նման գնի գրիչներ պատահական չէ, որ ունենում են, և եթե դու այդ գնի գրիչը պատահաբար թողնում ես որևէ մեկի մոտ, թեկուզ վարչապետի մոտ, ես կարծում եմ, որ որևէ խնդիր չկա հետագայում խնդրել հետ վերադարձնել գրիչը: Այո, ես կարծում եմ, որ դա իսկապես եղել է շողոքորթության ժեստ, և վարչապետի խոսքերն առ այն, որ բազմիցս եղել են միջնորդավորված խնդրանքներ հանդիպելու, խնդրանքներ, որ ինչու չեք օգտագործում իմ հնարավորությունները, որովհետև ես եմ այս Սահմանադրության ճարտարապետը և հեղինակը, այսինքն՝ սա նշանակում է՝ ես եմ այս Սահմանադրության մեջ լարված թակարդների հեղինակը, օգտագործեք ինձ, որպեսզի ես Ձեզ օգնեմ օգտագործել այդ թակարդները: Ես կարծում եմ, որ սա իսկապես նվաստացուցիչ է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG