Կառավարությունն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
ՍԴ դատավորի թեկնածուն հայտարարեց, որ եթե Ազգային ժողովի կողմից այդ հնարավորությունն ընձեռվի, ապա իր մոտեցումները Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում հետևյալն են՝ առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը։ «Ինչպես նաև, հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները, ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը», - ասաց Ավետիսյանը:
«Կարծում եմ, որ ունեմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, կենսափորձ և անհրաժեշտ սկզբունքայնություն, որպեսզի կարողանամ պատշաճ ձևով իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները», - նշեց թեկնածուն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ դատավորի թեկնածուին հաջողություններ մաղթեց ԱԺ քննարկումներում: Վահրամ Ավետիսյանն էլ, իր հերթին, շնորհակալություն հայտնեց վարչապետին և կառավարությանը վստահության համար:
Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխություններով դադարեցվեցին Սահմանադրական դատարանի երեք անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, ինչպես նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դատարանի նախագահի պաշտոնում:
Մանրամասները տե՛ս այստեղ