Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը՝ ընդդիմության մեղադրանքների, իր տեսլականի մասին


Կարլեն Ասլանյանի հյուրն այսօր Հանրապետության նախագահի թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է։

«Ազատություն». – Խորհրդարանական ընդդիմությունն այսօր հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու, բայց նաև Ձեզ ձայն չի տալու։ Համաձա՞յն եք, որ Ձեզ համար լավ մեկնարկ չէ սա։

Խաչատրյան. – Համաձայն չեմ։ Իրականում լավ կլիներ, որ և' մեկը լիներ, և' մյուս լիներ [և' մրցակցություն լիներ, և' ձայն տային], որովհետև Սահմանադրությամբ նախագահը այդպիսի դեր պետք է կատարի։ Ինչ է գնում Սահմանադրությունը. Հանրապետությանը նախագահը իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով։ Նաև համերաշխողի դեր պիտի կատարեր։ Շատ լավ կլիներ։ Բայց որոշումն իրենց է, էնպես որ, ես գնահատականներ տալ, որ մեկնարկը հաջող չէ, չեմ կիսում։

«Ազատություն». – Որոշումը իրենցն է։ Բայց Դուք փորձե՞լ եք ստանալ այդ քվեն, շահել ընդդիմության վստահությունը։

Խաչատրյան. – Ուղղակի դրա ձևը չգիտեմ։ Համենայն դեպս, ես գիտեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավարը՝ Հայկ Կոնջորյանը հրապարակավ հայտարարություն արեց, որ մենք պատրաստ ենք հանդիպելու, քննարկելու։ Այսինքն՝ մեր կողմից այդ առաջարկը արվել է և բաց ենք մենք այդ հանդիպումների համար, որևէ առիթ չկա, որ խուսափենք։ Խոսելու հնարավորություն, կամ խոսելու կարիք միշտ էլ կա։

«Ազատություն». – Իսկ որ ինքներդ հանդիպումների շարք սկսեք, առաջարկեք ընդդիմությանը... այդ թվում արտախորհրդարանական ուժերին, քաղհասարակությանը

Խաչատրյան. – Կարող է դա էլ լինել։

«Ազատություն». – Ես այս հարցը տալիս եմ, որովհետև նման փորձ կա, Արմեն Սարգսյանը դա անում էր։ Իհարկե, ինքը մինչև առաջադրվելը նրանց հետ խորհրդակում էր՝ ընդունի՞ Սերժ Սարգսյանի որոշումը թե՞ ոչ, բայց նախադեպ եղել է։

Խաչատրյան. – Ձևականությունների հետևից ընկնելու խնդիր չկա։ Կարծում եմ, այդ ամեն ինչը, ինչ որ արվել է, ավելի շատ... նպատակ չկար, ուղղակի ներկայանալու խնդիր կար երևի։ Որոշումը կայացված էր։ Իմ դեպքում միգուցե և կարիքը կա։ Կփորձենք այն առումով, որ ես միշտ եղել եմ հանրության առջև, Արմեն Սարգսյանը չի եղել, պայմանական է եղել՝ նկատի ունենալով, որ ինքը Հայաստանի Հանրապետությունն է ներկայացրել Մեծ Բրիտանիայում, դեսպանի կարգավիճակով։ Ես եղել եմ Հայաստանում միշտ, այդ թվում վերջին վեց ամսին ավելի հրապարակային, որպես նախարար եմ աշխատել։ Եվ ներկայանալու խնդիր այդ առումով գոնե ես չունեմ։ Բայց, իհարկե, խոսելու, խորհրդակցելու, հասկանալու ակնկալիքները, ինչ ունեն ձեր նշած շրջանակները՝ կլինի քաղաքական կուսակցություն, կլինի հասարակական սեկտոր, կամ հանրության տարբեր խմբեր, կամ նույնիսկ անհատ ներկայացուցիչներ, իհարկե... Այսպես թե այնպես, նախաձեռնված է արդեն, հայտարարությունից հետո արդեն ես գործընթացի մեջ եմ։ Հիմա ես կատարում եմ նաև նախարարի պարտականությունները, այդ պարտականությունները կատարելու եմ մինչև վերջին պահը, երբ որ ընտրությունները կլինի, երբ որ կհրապարակվի այդ ընտրության արդյունքները։ Այսինքն՝ ես երկուսը համատեղում եմ և հիմա կփորձեմ եկող շաբաթ արդեն իմ ժամանակացույցը էնպես կազմել, որ ժամանակ տրամադրել նաև այդ հանդիպումներին։ Ես իմ բնավորությամբ էլ այդպիսի մարդ չեմ, հանդիպումներից չեմ խորշում։ Բացի դրանից, բացի այդ հանգամանքից, իրականում կարիք կա հասկանալ, թե ինչպիսի ակնկալիք կա նախագահի ինստիտուտից՝ անկախ նրանից, թե ով է լինելու։ Որովհետև այն տպավորությունները, որ կա, և այն, ինչ ներկայացվում է, դրանք հակասում են այն գաղափարներին, որոնք նույնիսկ ամրագրված են այս քիչ, կամ պայմանական քիչ լիազորություն ունեցող նախագահին Սահմանադրության մեջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG