Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է Ազգային ժողով, այսօր հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Օրենքի համաձայն, եթե նախագահը, հրապարակումից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե այդ ժամանակահատվածում նախագահը դիմումը հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն է կազմվում, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։
«Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Երեկ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ պաշտոնից՝ շեշտելով՝ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է Ազգային ժողովի կողմից 2018-ի մարտի 2-ին: Ապրիլի 9-ին ստանձնել է այդ պաշտոնը: