Մատչելիության հղումներ

Պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը


ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմով
ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմով

«Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Թեև Հայաստանը չի արտահայտում իր դիրքորոշումը Ուկրաինայում ծավալվող պատերազմի վերաբերյալ, սակայն պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը։

Ուկրաինայի դեսպանատանը այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր է Ուկրաինան ակնկալում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանից՝ անդրադարձավ երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում Հայաստանի քվեարկությանը։

Քվեարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկումը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած երկրներից 29-ը կողմ էին արտահայտվել, 5-ը՝ դեմ, 13-ը, այդ թվում Հայաստանը՝ ձեռնպահ։

«Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Կարծում ենք, որ սա լավ ազդակ է, և հույս ունենք, որ այսպիսի դիրքորոշումը գոնե կշարունակվի», - ասաց Ավտոնոմովը։

Պատերազմի 6-րդ օրն է. Ուկրաինայում այլևս այսպես են հաշվում օրացույցը, ասաց նա։ Ներկայացնելով, թե ինչպես են լուսացրել ուկրաինացիներն անցած գիշերը՝ Ավտոնոմովը տեղեկացրեց, որ ճակատում ռազմական առավելություն չունենալով՝ ռուսներն անցել են ուկրաինական քաղաքների դաժան ռմբակոծություններին։

Նրա խոսքով, այսօր առավոտյան հրթիռ է ընկել Խարկովի Ազատության հրապարակում, որը քաղաքի կենտրոնն է և որտեղ որևէ ռազմական օբյեկտ չկա. - «Խարկովի բնակելի թաղամասերը հրթիռակոծվում են «Գրադներով»: Սրանք ռազմական հանցագործություններ են, որոնց կազմակերպիչները և իրականացնողները դատապարտված են իրենց հետագա գոյության ընթացքում կրել մարդասպանի խարանը և թաքնվել։ Նրանց նաև տրիբունալ է սպասվում, և արդար կլինի, որ միջազգային ռազմական տրիբունալը կազմակերպվի Խարկովում, որտեղ 1943 թվականին համանման առաջին գործընթացն է եղել, որի արդյունքում նացիստները դատապարտվեցին զինվորական հանցագործությունների համար»։

Զուգահեռները Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ շատ էին։ Դիվանագետին հիշեցրեցին Վլադիմիր Պուտինի խոսքերը միջուկային զենք կիրառելու սպառնալիքի մասին, ինչն առիթ տվեց նրան հիշել պատմության մեջ բունկերում մեկուսացած մեկ այլ քաղաքական առաջնորդի ճակատագիրը. - «Մեկ շաբաթ առաջ Հիտլերին էի հիշել, ցավոք չէի սխավել։ Եթե Պուտին ընտրել է ինքնասպանության տարբերակը, ապա դրա համար պետք չէ կոճակ սեղմել։ 45 թվականին էլ մարդամեկը բունկերում նստել էր, սակայն ամեն ինչ ինքնասպանությամբ ավարտվեց։ Նա էլ է բունկերում և կարծում է, որ իրեն չեն հասնի, ինքն ապահով է։ Չեմ կարծում։ Դա ամենաանհավանական սցենարն է։ Սակայն կարծում եմ, որ շատ երկրների հետախուզական կազմակերպություններ հիմա աշխատում են նրա հոգեբանական վիճակը հասկանալու համար։ Դա կարող է միայն հոգեբանեերը վերլուծեն, այլ ոչ թե դիվանագետներն ու քաղաքագետները»։

Ավտոնոմովը հավատում է, որ պատերազմում հաջողությունը Ուկրաինայինն է լինելու, թեև լուրջ կորուստներ են արդեն կրում։ Զոհերի թվի մասին հստակ տեղեկատվություն Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը այսօր չուներ, սակայն պնդեց, որ այն կադրերը, որ տեսնում է Կիևից, Խարկովից, ռմբապաստարաններից, հիվանդանոցներից, մետրոյից, վկայում են, որ զոհերի թիվը հարյուրների է հասնում։

Հումանիտար աղետի մասին խոսելը դեռ վաղ է, առաջին անհրաժեշտության ապրանքները, նրա պնդմամբ, դեռ խանութներում կան։ Իրավիճակը, բարդ է, բայց ոչ կրիտիկական. - «Խուճապ չկա։ Իմ ավագ որդին Կիևում է, երբեմն իրար գրում ենք, ասում է՝ խանութներում հերթերն են։ Հաց, ասենք, չկար, բայց կրոասան գնեցին»։

«Ուկրաինան զգում է Արևմուտքի աջակցությունը», - շարունակում է ուկրաինացի դիվանագետը՝ ակնարկելով, որ Ուկաինայի նախագահ Զելենսկու խոսքերը, թե պատերազմի առաջին օրերին երկիրը մենակ էր մնացել, էմոցիոնալ էին. - «Էմոցիոնալ հայտարարություն էր։ Մենք մենակ չենք։ Ամեն օր կա հստակ, ռազմական օգնություն։ Եվրամիությունը իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսավորում է ռազմական օպերացիա՝ 450 միլիոն եվրո»։

Այդուհանդերձ պատերազմը պետք է ավարտվի ժամ առաջ, ասում է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ հավատալով, որ ռուսական տանկերը վրաերթի չեն ենթարկի դրանց ընթացքը մարմնով փակող ուկրանացիներին. - «Նրանք կանգ են առնում։ Երևի ոմանց մոտ կա դեռ սիրտ, ուղեղ կա... բայց ինչքա՞ն կտևի դա»։

Ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները երեկ տեղի ունեցան, բայց պատերազմը շարունակվում է։ «Ազատության» հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ Ուկրաինան գնալ այն ավարելու համար, ուկրաինացի դիվանագետն ակնարկեց՝ փոխզիջում պետք է, բայց կապիտուլացիա չի լինի։ Ուկրաինական կողմի համար բանակցությունները նպատակին չեն հասել, պետք է շարունակվեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG