Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում մինչև իր առջև դրված նպատակներին հասնելը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
Մոսկվայի հիմնական խնդիրը, Սերգեյ Շոյգուի խոսքով, Արևմուտքի ռազմական սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելն է։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ուկրաինական կողմը խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, թնդանոթները և խոշոր տրամաչափի ականանետերը տեղադրում է բնակելի շենքերի բակերում, դպրոցների և մանկապարտեզների մոտ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Կիևի «հանցավոր ռեժիմին արևմտյան երկրների թողտվության» արդյունքն է։ Նաև, ըստ նրա, Եվրոպան երկխոսության փոխարեն ընտրել է «ոչ լեգիտիմ պատժամիջոցների» ճանապարհը։ Լավրովի խոսքով՝ Արևմուտքը պատրաստակամություն չի ցուցաբերում Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու և ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու հարցում։