Մատչելիության հղումներ

«Ցանկանում եմ, որ օր առաջ ավարտվի այս ամենը և լավ ավարտվի իմ երկրի, իմ հայրենիքի համար»


Ռուսլան Նովիկով
Ռուսլան Նովիկով

Ռուսլան Նովիկովը ծնվել ու կյանքի մեծ մասն անցկացրել է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Վերջին 7 տարիներին ապրում է Երևանում կնոջ և դստեր հետ։

Նովիկովը հազարավոր ուկրաինացիների նման մինչև վերջին պահը չէր հավատում, որ Ռուսաստանը կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել հարևան անկախ պետության դեմ. - «Ուկրաինացիները ու ռուսները նախկինում եղբայրական ժողովուդներ էին, և հիմա չկա պատճառ հարձակվելու Ուկրաինայի վրա։ Ուկրաինան առանձին, անկախ հանրապետություն է։ Ուկրաինան որևէ մեկի վրա չի հարձակվում, ագրեսիվ քաղաքականություն չի վարում, որևէ մեկի տարածքային ամբողջականությունը չի խախտում։ Կարծում եմ, որ Ուկրաինայի հանդեպ այս ագրեսիան տեղի է ունենում հորինված պատճառով, դրա համար էլ մինչև վերջ չէի հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ»։

Մյուս կողմից, ավելացնում է, Ղրիմի բռնակցումից, ապա Դոնբասի պատերազմից, իսկ 2020-ի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում Հայաստանում էր, սկսել է այլևս ոչնչից չզարմանալ. - «Միայն երեկ արդեն ավելի քան 100 մարդ է մահացել ուկրաինական կողմից։ Չգիտեմ թե քանի հոգի է մահացել զավթիչների կողմից։ Շատ եմ անհանգստանում մարդկանց համար, ցանկանում եմ, որ օր առաջ ավարտվի այս ամենը և լավ ավարտվի իմ երկրի, իմ հայրենիքի համար»։

Նովիկովը Ուկրաինայում կրթություն է ստացել ռուսերենով, ունի նաև շատ ռուս ընկերներ։ Այս շրջանում, խոստովանում է, խուսափում է նրանց հետ զրույցներից. - «Երեկ ծննդյանս օրն էր, ինձ շնորհավորում էին ընկերներս Ուկրաինայից, Հայաստանից, Ռուսաստանից։ Սովորական բարեմաղթանքներին ավելացել էր խաղաղության մաղթանքը։ Նույն էին ասում նաև ռուս ընկերներս։ Ոմանց հետ ես իհարկե խուսափում եմ զրուցել այս թեմայի շուրջ, վախենում եմ, որ կարող եմ հիասթափվել, եթե նրանց շարքում լինեն մարդիկ, որոնք իրավիճակը գնահատում են ոչ այնպես, ինչպես ես»։

Նովիկովն ասում է, որ ցավ է ապրում՝ տեսնելով, թե հասարակ ռուսները պետական լրատվամիջոցների հարցումների ընթացքում ինչպես են արտահայտվում պատերազմի մասին՝ առանց քննադատության, պաշտպանելով Պուտինի քաղաքականությունը։ Նրա կարծիքով, Ռուսաստանը վաղուց էր պատրաստվում ներխուժման ու տարիների շարունակ այս նպատակով ուկարինացիների դեմ է տրամադրել սեփական ժողովրդին. - «Ինքներդ հավանաբար գիտեք, թե վերջին տարիներին ինչ ագրեսիվ պրոպագանդա է տարվում ռուսական լրատվամիջոցներով։ Դրանք անգամ դժվար է անվանել զանգվածային լրատվության միջոց, դրանք զանգվածքային պրոպագանդայի միջոց են, բորբոքում են ատելություն Ուկրաինայի, ուկրաինացի ժողովրդի հանդեպ առանց առիթի ու պատճառի»։

Նովիկովը պատմում է, որ հայաստանցի ընկերներն էլ վերջին օրերին ասում են, թե Արևմուտքն է մեղավոր Ուկրաինայում պատերազմի համար։ Մման դեպքում, ասում է, բացատրում եմ, որ արևմտյան տանկերը չէ, որ մտել են Ուկրաինա. - «Արևմուտքը չէ, որ գրավեց Ղրիմը, Արևմուտքը չաջակցեց Դոնբասի անջատականներին, և հիմա Արևմուտքը չի ռմբակոծում ուկրաինական քաղաքները»։

Վերջին 2 օրվա ընթացքում շարունակ կապի մեջ Օդեսայում, Կիևում և այլ ուկրաինական քաղաքներում գտնվող հարազատների և ընկերների հետ։ Պատմում է, որ երեկ ներխուժման օրը սկսված խուճապն այսօր մի փոքր մարել է, մարդիկ աշխտում են մնալ տներում, փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. - «Դե իհարկե, երեկվա խուճապից հետո, այո՛, ինչ-որ խանութներում ինչ-որ ժամանակ մթերքը պակասեց, մարդիկ փորձեցում էին գնել առաջին անհրաժեշտության իրերը։ Սակայն հիմա իրավիճակը ավելի կայուն է։ Հիմա հանգիստ է»։

Մարդկանց աչքի առաջ քանդվում են իրենց տներն ու փողոցները, զոհվում են մարդիկ։ Ըստ Նովիկովի, անգամ ռուսամետ ուկրաինացնիները սկսել աստիճանաբար փոխել իրենց կարծիքը Ռուսաստանի իշխանության մասին պատերազմից հետո. - «Ես հենց նոր շփվում էի մորաքրոջս հետ, որը ջերմությամբ է հիշում Խորհրդային Միությունը, սովետական ժամանակները։ Նա այդքան էլ գոհ չէ ներկա կյանքից։ Նա էլ է ասում, այո, միությունը փլուզվել է, հիմա արդեն երկար ժամանակ է առանձին պետություններ գոյություն ունեն՝ Ռուսասատանն ու Ուկրաինան։ Այո՛, հնարավոր է մենք չենք ապրում ոչ այնքան հարուստ, ինչպես ռուսաստանցիները։ Սակայն Ուկրաինան մեր երկիրն է։ Մենք չենք ուզում հարձակվել որևէ մեկի վրա և չենք ցանկանում, որ հարձակվեն մեզ վրա։ Մտածում եմ, պետք է հավանաբար ոչ այնքան ադեկվատ մարդ լինես, որ աջակցություն հայտնես այն ամենին, ինչ անում է Պուտինը։ Կարծում եմ, նման մարդիկ ավելի քիչ կմնան»։

Ե'վ Նովիկովը, և' նրա թոշակառու մորաքույրը, և' բոլոր ծանոթներն ու հարզատները, ցանկանոում են, որ պատերազմը ժամ առաջ կանգ առնի և քաղաքական իշխանությունները փորձեն բանակցել խնդիրների շուրջ առանց տանկերի ու կրակոցների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG