Կիևում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցների մասամբ կամ ամբողջական տարհանման ֆոնին պաշտոնական Երևանը հայտարարում է, թե Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են բնականոն ռեժիմով։
Հայաստանն առայժմ կոչ չի արել իր քաղաքացիներին հեռանալ այդ երկրից, ինչպես արել են գրեթե չորս տասնյակ պետություններ։
«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ», - կարդում ենք այսօր՝ օրվա երկրորդ կեսին հրապարակված արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունում։
Արևմտյան երկրները՝ նախևառաջ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան շարունակում են պնդել, թե առաջիկա օրերին սպասում են ռուսական ռազմուժի հարձակմանը Ուկրիանայի դեմ։
Կրեմլը հերքում է, սակայն, Ուկրաինայի հետ սահմանին, Բելառուսում, ըստ արևմտյան աղբյուրների, կենտրոնացրել է ավելի քան 100 հազար զինվոր, հարձակողական սպառազինություն։
Քառասունին մոտ երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից, բազմաթիվ երկրներ՝ ներառյալ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, նաև Ռուսաստանը, մասամբ կամ ամբողջովին տարհանել են Կիևում իրենց դեսպանատների աշխատակիցներին։
Եվրոպական մի քանի ավիաընկերություններ՝ KLM, Norwegian, հայտարարել են, թե դադարեցրել են իրենց թռիքչները Ուկրաինայի օդային տարածքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հայաստանում երկու անգամ՝ ընդհանուր առմամբ տասը տարի Ուկրաինայի դեսպանությունը գլխավորած Օլեքսանդր Բոժկոն այսօր տեսակապի միջոցով Կիևից փոխանցեց, որ Ուկրաինայի մայրաքաղաքում «մթնոլորտը շիկացած է». - «Բայց խուճապ չկա, ամեն ինչ աշխատում է նորմալ, խանութներում հերթեր չկան... իբր թե ասում էին՝ հիմա կսկսեն մթերք առնել և այլն։ Ժողովուրդը հանգիստ է, բայց հիմա նախապատրաստվում է ռուսական զորքի հարվածին։ Դրա համար բոլոր զենքերը խանութներում արդեն չկա, գնված են, ժողովուրդը զինվում է։ Մարզերում ստեղծվում են պաշտպանական զորախմբեր»։
Կրեմլի նպատակը սոսկ Ուկրաինան չէ, այլ կայսրության վերականգնումը. Բոժկո
Բոժկոյի խոսքով, ով նախկինում Ուկրաինայի արտգործնախարարությունում ղեկավարել է ԱՊՀ երկրների վարչությունը, Ռուսաստանի ներկայիս ղեկավարության նպատակը սոսկ Ուկրաինան բռնազավթելը չէ, այլ խորհրդային կայսրությանը վերականգնումը՝ վերջ տալով հետխորհրդային երկների ինքնիշխանությանը. - «Մենք գիտենք Պուտինը ոնց է տրամադրված, և իր խոսքերը Սովետական Միության կործանման մասին բոլորս գիտենք։ Եվ իհարկե, երևի նա հիմա պատկերացնում է իրեն որպես նոր տեսակի կայսր Ռուսաստանի»։
Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համաձայն, Ուկրաինայում բնակվող հայերի թիվը գնահատվում է կես միլիոն, և ուկրաինահայ համայնքը իր մեծությամբ փաստորեն չորրորդն է աշխարհում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայ համայնքներից հետո:
Ուկրաինայի հայերը զենքը ձեռքին պաշտպանելու են երկիրը. Եղիազարյան
Կիևում բնակվող գեղանկարիչ, հասարակական գործիչ Բորիս Եղիազարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Ուկրաինայի բազմաթիվ հայեր պատրաստակամություն են հայտնել զենքը ձեռքին պաշտպանել երկիրը հարձակումից. - «Եվ հայերն էլ ակտիվ մասնակցեցին, որ պատրաստ են զենքը ձեռքին դիմակայել նույն տեսակ, ինչպես որ ուկրաինացիները։ Շատ գեղեցիկ էր հայերի վերաբերմունքը։ Ասեմ ձեզ, որ երևի հայերի մեջ կան որոշ քանակությամբ մարդիկ, որոնք պրոռուսական են իրենց հոգեբանությամբ, բայց դրանցից կան նաև ուկրաինացիների մեջ։ Դա շատ փոքր քանակություն է»։
Եղիազարյանը փոխանցեց, որ Կիևի հայ համայնքում չի ճանաչում մեկին, ով նախորդ օրերին հեռացել է երկրից։